Մենք չենք պայքարում, մենք մրցակցում ենք. ՕԵԿ վարչության անդամ

Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, մենք մրցակցում ենք բոլորի հետ. նշեց ՕԵԿ վարչության անդամ, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին:

«Երևանի թիվ մեկ խնդիրը ինչպես աշխատատեղերի ստեղծումն է, այնպես էլ՝ քաղաքի արդիականացումը. դա նախևառաջ՝ կանաչ տարածքն է, էլեկտրոնային վահանակներն են, զբոսայգիները, վազքուղիները»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց, որ անհանդուրժելի է, որ այսօր Երևանում զբոսաշրջիկը չի կարող կողմնորոշվել էլեկտրոնային քարտեզների միջոցով, չի կարող ինքնուրույն օգտվել հանրային տրանսպորտից: Քաղաքի արդիականացումը, նրա խոսքով, նույնքան կարևոր հարց է, որքան՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումը: «Հեծանիվները վաղուց հատնագործված են, ուղղակի պետք է ուսումնասիրել միջազգային փորձը»,- ասաց նա:

Կարապետյանը խոսեց նաև «բարձրահարկների կատաստրոֆիկ վիճակի» մասին. «Մենք առաջարկում ենք ազատականացնել հանրային ծառայությունների ոլորտը, որպեսզի կատարվեն երկարաժամկետ ներդրումներ, բնակիչն էլ վճարի մատուցված ծառայությունների համար»: «Թե չէ մենք ունենք շենքեր կենտրոնում, որտեղ բնակարանների գներն այնքան են, որքան՝ Պրահայում, բայց այդ շենքերի վերելակները մտնելիս պետք է խաչակնքվես»,- նշեց նա:

«Մարդը կարիք ունի նաև հոգևոր արժեքների,- ասաց Կարապետյանը,- մենք կառաջարկենք բազմաթիվ հետաքրքիր մշակութային միջոցառումներ, որ մարդն այլևս չուզենա գնալ ռաբիզ համերգի: Սոցիալապես անապահով մարդկանց հնարավորություն կտանք անվճար այցելել թանգարան, թատերասրահ»: Մարզասրահները ևս պետք է հանրամատչելի դառնան. «Յուրաքանչյուր թաղամասում պետք է ունենանք շատ մատչելի մարզասրահներ ու վազքուղիներ: Այդ սրահներից օգտվողները ուղղակի չեն ծխի»,- ասաց նա՝ պատասխանելով ծխելու դեմ պայքարի մասին հարցին:

Որպես սփյուռքի փոխնախարար՝ Կարապետյանը նշեց, որ քաղաքը բավական մեծ անելիքներ ունի, որպեսզի դառնա գրավիչ ներդրումների՝ հատկապես սփյուռքահայերի ներդրումների համար:

ՕԵԿ վարչության անդամը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու 2008-ին ՕԵԿ-ը չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանին և հրապարակ դուրս եկած ժողովրդին. «Միանայինք, որ ի՞նչ անեինք. գնայինք Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն նրա հետ թեյ խմելո՞ւ, զոհերն էլ լինեին մի քանի հարյո՞ւր: Իսկ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չիջավ իր առանձնատնից, որ առաջնորդեր ժողովրդին»:

Մեկնաբանել