Անվանի հրեա ցեղասպանագետն իր գրադարանը նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Անվանի ցեղասպանագետ Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին. Facebook-ի իր էջում այս մասին գրառում է կատարել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Հեղինակավոր հրեա ցեղասպանագետ, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գրադարանը ներառում է շուրջ յոթ հարյուր հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում տեսական գրականություն, հրեական Ողջակիզմանը և Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նպատակադրված է այս հարուստ հավաքածուն զետեղել ՀՑԹԻ նոր գրադարանային մասնաշենքում և ի պատիվ Իսրայել Չարնիի բացել առանձին անվանական սենյակ:

Այս նվիրատվությունը ՀՑԹԻ գրադարանին վերջին հինգ տարիների ընթացքում խոշորագույնն է: Այն հնարավորություն կընձեռնի լուրջ գիտական հետազոտություններ իրականացնել ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության ոլորտում»,- գրել է նա:

Լուսանկարը՝ Հայկ Դեմոյանի էջից