Հայաստանում բողոքի լավագույն ձևը դարձել է Հայաստանից հեռանալը. նշեց ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակում ընդգրկված Գուրգեն Արսենյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման տաղավարում:
«Մենք գոհ ենք, երջանիկ ենք, ուժեղ ենք, երբ ստեղծող մարդիկ շատ են Հայաստանում: Եթե այդ մարդիկ որոշում են իրենց գործունեությունը տեղափոխել Հայաստանից, թուլանում ենք»,- ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու են ԲՀԿ-ի թիմից երբեմն «տարբեր հայտարարություններ» հնչում՝ նա նշեց, որ ԲՀԿ-ի թիմի անդամների խոսքերն իրար չեն հակասում, այլ՝ փոխլրացնում են: Ըստ նրա՝ լրատվամիջոցների՝ իրենց խոսքի հատվածական ներկայացումն է, որ հակասության տպավորություն է ստեղծում: «Իսկ Facebook-ում մարդիկ կարող են իրենց մտորումները ներկայացնել: Սոցցանցերի գրառումները կուսակցության կողմից քաղաքական հայտարարություններ չեն, դրանք իրենց մտորումներն են, սեփական կարծիքի հրապարակայնացման հնարավորություն»,- ասաց նա:
Գուրգեն Արսենյանի խոսքով՝ կուսակիցները նախ գաղափարակիցներ են, սակայն մեկ գաղափարի շուրջ հավաքվելը չի նշանակում, թե այլ բաների շուրջ խորհելն արգելվում է: «Մեզ մոտ իրարից տարբեր կարծիքներ ունենալը չի արգելվում, ինչպես որոշ, չասեմ՝ որ, քաղաքական ուժերում»,- նշեց նա:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի