ԵԽԽՎ զեկույցը` փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ

Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները առաջընթաց էին 2008թ. համեմատ, և աչքի ընկան հիմնարար ազատություննների նկատմամբ հարգանքով, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը՝ միաժամանակ փաստելով, որ առաջընթացից բացի արձանագրվել են նաև մի շարք «լուրջ» բացթողումներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դիտորդական առաքելության զեկույցն ապրիլի 22-ին Վեհաժողովում ներկայացրել է ընտրություններին հետևած եվրոպացի պատգամավորներից մեկը՝ ավստրիացի Շտեֆան Շնենախը, որը քվեարկության ընթացքը բնորոշել է բեկումնային՝ նախորդ ընտրությունների համեմատ:

«Ես հետևել եմ ընտրություններին նաև 2012թ. ընթացքում, և այն ժամանակ արձանագրեցի, որ Հայաստանը դեռևս հեռու է ազատ և արդար ընտրությունների անցկացումից: Այս անգամ, սակայն, ընտրությունները առաջընթաց արձանագրեցին, կարելի ասել՝ թռիչքային առաջընթաց: Իհարկե, կային նաև խախտումներ, սակայն, դրանք եզակի բնույթ են կրել, այդ իսկ պատճառով, կարծում եմ` կարելի է խոսել ազատ ու ժողովրդավարական ընտրությունների մասին»,- հայտարարել է ավստրիացի պատգամավորը:

«Թերևս սրանք իսկապես ամենալավ ընտրություններն էին Հայաստանի պատմության մեջ»,- իր հերթին փաստել է ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռոկկեն` հավելելով. «Սա, անկասկած, Հայաստանի ժողովրդավարության հաղթանակն է, որն ընդգծում է այս երկրի հետ Եվրամիության կապերը սերտացնելու անհրաժեշտությունը»:

Խոսելով առաջընթացի մասին՝ Եվրախորհրդի խորհրդարական պատվիրակությունը միաժամանակ փաստել է, որ «ժողովրդավարությունը Հայաստանում դեռևս վերջնականապես կայացած չէ, ընտրական գործընթացն էլ էական բարեփոխումների կարիք ունի»:

Հիմնական մտահոգությունների շարքում դիտորդական առաքելությունն առանձնացրել է վարչական ռեսուրսի չարաշահումը, գործող նախագահի աջակիցների կողմից քվեարկությանը միջամտելու փորձերն ու վստահության պակասը՝ ընդգծելով, որ «այս բացթողումները հակասում են ժողովրդավարական ընտրությունների անցկացման եվրոպական չափանիշներին»: Նախագահական ընտրություններից երկու ամիս անց և Երևանի ավագանու ընտրություններից շաբաթներ առաջ՝ ապրիլի 22-ին հրապարակած զեկույցում, Եվրախորհրդի դիտորդները կոչ են արել Հայաստանի իշխանություններին շտկել այս թերացումները և երաշխավորել, որ դրանք չեն կրկնվի հետագա՝ թե՛ համապետական, թե՛ տեղական ընտրությունների ընթացքում:

«Հարկ է անել ամեն ինչ, որպեսզի հայ ընտրողների մոտ վերականգնվի հավատը ընտրությունների նկատմամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է պահանջել, որ իշխանությունները հավասարապես կիրառեն օրենքը բոլոր ընտրակեղծարարների նկատմամբ և պատժեն բոլոր մեղավորներին»,- հայտարարել է ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շնենախը:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների քաղաքական ենթատեքստին՝ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը ափսոսանքով փաստել է, որ այս անգամ երեք հիմնական քաղաքական ուժեր, այդ թվում` խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը թեկնածու չառաջադրեցին, ինչն ազդել է մրցակցության դինամիկայի վրա ու սահմանափակեց քաղաքացիների՝ ընտրություն կատարելու հնարավորությունը: Արևմտյան մյուս դիտորդների նման ԵԽԽՎ ներկայացուցիչները ևս փաստում են, որ գործող նախագահից բացի մյուս բոլոր թեկնածուները մտահոգություն են հայտնել ընտրացուցակների ճշգրտության վերաբերյալ՝ պնդելով, թե ընտրողների թիվը խիստ ուռճացված է, սակայն որևէ փաստ չեն ներկայացրել այս պնդումները ապացուցելու համար:

«Կրկնակի քվեարկությունը բացառելու համար օգտագործվող թանաքանյութը, որը պետք է պահպանվեր 12 ժամ, պարզվեց՝ շատ հեշտությամբ մաքրվում է՝ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած փորձարկումներին»,- փաստում է ԵԽԽՎ զեկույցն ու ընդգծում. «Թանաքանյութի հետ կապված խնդիրներն ազդում են ընտրողների վստահության վրա, դրա կիրառումը պետք է վերանայվի»:

Հայաստանի իշխանություններին տրված հանձնարարականների շարքում ԵԽԽՎ դիտորդները նաև հորդորում են հետաքննել ընտրակեղծիքների մասին բոլոր պնդումներն ու պատժել մեղավորներին՝ օրենքի տառին համապատասխան:

Azatutyun.am

Մեկնաբանել