Ջոխար Ցարնաև․ պայթյունների գլխավոր կազմակերպիչը Թամերլանն է եղել

Բոստոնում ապրիլի 15-ին գիշերը մարաթոնյան վազքուղու վերջնագծի մոտ իրականացված պայթյունների կազմակերպման մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևը հայտարարել է, որ ահաբեկչության գաղափարական ոգեշնչողն ու գլխավոր կազմակերպիչը եղել է իր ավագ եղբայրը՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանված Թամերլանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է CNN-ը, նա քննիչներին հայտնել է հարցաքննության ընթացքում։ Ջոխար Ցարնաևը հայտնել է նաև, որ ինքն ու Թամերլանը միայնակ են գործել և կապված չեն եղել միջազգային ահաբեկչական որևէ խմբավորման հետ։

Ներկայում Ջոխար Ցարնաևը, որը ձերբակալության ընթացքում ծանր վնասվածքներ է ստացել, Բոստոնի հիվանդանոցներից մեկում է։ Կոկորդի վնասվածքի պատճառով նա չի կարողանում խոսել և Հետաքննությունների դաշնային բյուրոյի հարցերին պատասխանում է գրավոր։ Ապրիլի 22-ին նրան առաջադրվել են մեղադրանքներ մի քանի կետով, ներառյալ՝ զանգվածային սպանություն, և այժմ նրան սպառնում է պատիժ մահապատժի կամ ցմահ ազատազրկման տեսքով։

Մասաչուսեթս նահանգի շրջանային դատարանի նսիտին Ջոխար Ցարնաևը մասնակցել է իր հիվանդասենյակից՝ հեռուստահամաժողովի ռեժիմով։ Այս գործով դատական հաջորդ լսումը նշանակված է մայիսի 30-ին։

Հիշեցնենք, որ Բոստոնում մարաթոնյան վազքուղու վերջնագծի մոտ իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, ավելի քան 170-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մեկնաբանել