«Օգնիր եղբորդ»-ը սպորտային կոշիկներ է նվիրել Կիլիկյան վարժարանի աշակերտներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը` աջակցության ծրագրեր իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հաստատված մեր սիրիահայ հայրենակիցների համար, ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Ապրիլի 23-ին սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան էին այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և Խաչիկ Ջոզիկյանը: Կիլիկյան վարժարանում առաջինից իններորդ դասարաներում սովորում են շուրջ երեք հարյուր սիրիահայ երեխաներ:

Նախաձեռնության անդամները վարժարան էին այցելել կրթական գործընթացին ծանոթանալու, ինչպես նաև խոստացված նվերը աշակերտներին փոխանցելու համար: «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Կիլիկյան վարժարանի բոլոր աշակերտներին նվիրել է «Մեծն Ներսես» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված Toms սպորտային կոշիկներ` խոստանալով ապագայում ևս անակնկալներով ուրախացնել վարժարանում իրենց կրթությունը շարունակող սիրիահայ երեխաներին և մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները: