Ապրիլի 23-ը Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

Ապրիլի 23-ը Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է: 1616թ. այդ օրը կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան:

1995թ. Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, որոշվել է այդ օրը նշել որպես գրքի և հեղինակային իրավունքի օր՝ կոչ անելով բոլորին, հատկապես՝ երիտասարդությանը, վայելել ընթերցանությունն ու հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր նպաստել են մարդկության սոցիալական և մշակութային առաջընթացին:

Գրքի շնորհիվ մենք ստանում ենք գիտելիքներ, գաղափարներ, հոգևոր և բարոյական արժեքներ, սովորում ենք ընկալել գեղեցկությունն ու մարդու ստեղծագործական նվաճումները, ծանոթանում ենք տարբեր ժողովուրդների ավանդույթներին և ծեսերին:

Գիրքը պատուհան է դեպի մշակութային բազմազանություն, այն կամուրջ է, որը տարբեր քաղաքակրթությունները միացնում է ժամանակի և տարածության մեջ:

Տոնելով Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը՝ բոլորս պետք է հատուկ ուշադրություն դարձնենք սեփական մշակույթում գրքի կարևոր դերին, չէ՞ որ այն օգնում է պահպանել, հարստացնել և փոխանցել մարդկության մշակութային ժառանգությունը:

Մեկնաբանել