Ցեղասպանության նոր թանգարանը միջազգային խոշոր հետազոտական կենտրոն կլինի. Հ. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարական աշխատանքների ավարտից հետո նոր թանգարանը կատարելապես կփոխի բոլորի պատկերացումները Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին ապրիլի 23-ին թանգարանի տարեկան հաշվետու մամուլի ասուլիսին ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ թանգարանի մասնաշենքի տարածքը կրկնակի կընդարձակվի, իսկ բուն ցուցադրական մակերեսը կմեծացվի 2,5 անգամ:

«Մենք նախատեսել ենք նոր ցուցադրությունը կազմակերպել բացարձակապես նոր հայեցակարգի հիման վրա: Հայաստանում թանգարանային նոր մշակույթ է ներդրվելու»,- ասաց Դեմոյանը՝ հավելելով, որ թանգարանը հագեցված կլինի նոր տեխնոլոգիաներով, իսկ Հայոց ցեղասպանության թեման կներկայացվի նորովի, ինչը լրջորեն կփոխի բոլորի պատկերացումները և գիտելիքները Հայոց ցեղասպանության մասին:

Նա նշեց, որ շինարարության արդյունքում թանգարանի աշխատանքները չեն դադարացվի, և կգործի ժամանակավոր ցուցասրահ: Նրա խոսքով` շինարարական աշխատանքների ավարտից հետո Ցեղասպանության թանգարանը կլինի միջազգային խոշոր հետազոտական կենտրոն:

«Առաջիկա երկու տարում թանգարանը ներկայանալի կլինի աշխարհի խոշոր քաղաքների ցուցասրահներում, և մենք նախատեսում ենք շուրջ 15 ժամանակավոր ցուցադրություններ տարբեր խորագրերով»,- ասաց Դեմոյանը` նշելով, որ նմանատիպ երկու ցուցադրություն անցած տարի կազմակերպվել է Բեյրութում և Կոպենհագենի թագավորական գրադարանում, որտեղ ցուցադրությունն առաջացրել էր թուրքական հասարակության դժգոհությունը:

Խոսելով միջազգային համագործակցության մասին՝ Դեմոյանը նշեց, որ լուրջ համագործակցության պայմանագրեր արդեն կան կնքված, իսկ այս տարի երեք խոշոր կենտրոնների և թանգարանների հետ նախատեսվում է պայմանագրեր կնքել` այդ կենտրոններից հատկապես առանձնացնելով Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն անդրադառնալով՝ Դեմոյանը նշեց, որ ինքը հատկապես կարևորում է արտասահմանյան դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը և ապրիլին այդ թեմայով դասընթացի անցկացումը:

Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքների մասին՝ Դեմոյանը նշեց, որ հայ ժողովրդին ֆորմալ ներողություն պետք չէ, այլ պետք է, որ Թուրքիան, առերեսվելով իր պատմության հետ, նախևառաջ ներողություն խնդրի թուրքական պետության կողմից իրագործված հանցագործության համար: Ըստ նրա` դրան անմիջապես պետք է հետևի Թուրքիայի կողմից այն փաստի ընդունումը, որ ինքը գործ ունի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հրամայականի հետ, ինչը բանակցությունների նոր փուլ է ենթադրում:

«Մեզ համար գլխավոր հետևանքը՝ մեր հայրենիքի նկատմամբ մեր օրինական իրավունքները վերականգնելն է»,- ասաց նա:

Մեկնաբանել