Nokia-ն հաղթել է HTC-ին նիդեռլանդական դատարանում

2012թ. ապրիլի 22-ին Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի դատարանը էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC և հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունների մասնակցությամբ ընթացող դատական գործում որոշում է կայացրել հօգուտ Nokia-ի: Ինչպես հաղորդում է Mashable-ը, դատական վեճը վերաբերում էր սմարթֆոնների արտադրությունում բաղադրիչների անօրինական օգտագործմանը:

Դատական հայցը ներկայացրել էր ֆիննական ընկերությունը, որը թայվանական արտադրողին մեղադրում էր մի շարք նախագծերի, այդ թվում` բարձրախոսների բաղադրիչների անօրինական օգտագործման մեջ: Նշենք, որ այդ բաղադրիչներն արտադրվել են STMicroelectronics ընկերության կողմից հատուկ Nokia-ի համար, սակայն հետագայում պարզ է դարձել, որ դրանք օգտագործվել են նաև HTC One սմարթֆոններում:

Ֆիննական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են դատական վճռի մասին, ինչը հաստատում է այն փաստը, որ այդ բաղադրիչներն իսկապես պատկանում են Nokia-ին և նախատեսված են միայն ֆիննական արտադրանքում օգտագործելու նպատակով: Nokia-ում նաև նշում են, որ որևէ արտոնագիր չի տրամադրվել HTC-ին, ինչը թույլ կտար վերջինիս օգտագործել նշված բաղադրիչներն իր արտադրության մեջ:

Հատկանշական է, որ այս լուրերի ֆոնին Nokia-ի բաժնետոմսերը Նյու Յորքի բորսայում արժևորվել են 4%-ով:

Մեկնաբանել