ՊԵԿ-ը դեռ չի մեկնաբանում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2013թ. ապրիլի 10-ի որոշմամբ հարուցել է վարույթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով, ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։

Նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ տասնօրյա ժամկետում (ավարտվում է ապրիլի 20-ին – ՍիվիլՆեթ) ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ի պատասխան ՍիվիլՆեթի հարցմանը, հայտնեց, թե նախքան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման հրապարակումը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը հանդես չի գա պարզաբանմամբ:

Իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում ՍիվիլՆեթի հարցմանը, թե ներկայացվել են արդեն առարկություններ կամ բացատրություններ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից, նշեցին, որ հարցը վարույթում է, և այս պահին այլ մանրամասներ հրապարակել չեն կարող։

Նշենք, որ 2012թ. դեկտեմբերի 17-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» և «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հրապարակումներում խոսվում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեության մասին:

Ըստ օրաթերթի՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքատեսակի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր։ Ըստ նույն աղբյուրի՝ ՊԵԿ նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել է իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյոք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, բացի այդ՝ ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները։