Գրքերի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` genocide-museum.am-ի

Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում ապրիլի 23-ին տեղի ունեցավ վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակած գրքերի շնորհանդես, որի ընթացքում ներկայացվեցին շուրջ 25 հատորներ` թողարկված տարբեր մատենաշարերով:

«Մեկ տարի առաջ մեկնարկեցին Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք տիտղոսին արժանանալու արարողությունները, և այդ շրջանակում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նույնպես մաս կազմեց այդ իրադարձությունների՝ իր համեստ ներդրումը բերելով գրահրատարակչությամբ»,- ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` հավելելով, որ այդ ընթացքում կազմակերպվել էր նաև ժամանակավոր ցուցադրություն՝ «Խոսում է գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագրով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գրահրատարակչական գործունեությունն իրականացնում է «Դիվանագիտական փաստաթղթեր», «Վերապրողի հիշատակարան», «Ականատեսի վկայություններ» և այլ մատենաշարերով:

Ներկայացված հատորները ներառում են ինչպես վերահրատարակված և թարգմանված սկզբնաղբյուրային գրականություն, այնպես էլ ՀՑԹԻ գիտաշխատողների մենագրությունները:

Ցուցադրությանը ներկայացված էին հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրականություն, որոնք թարգմանական գրականություն և ուսումնասիրություններ են:

Իրենց հրատարակած մենագրությունները ներկայացրին նաև ՀՑԹԻ գիտաշխատող, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը, պ.գ.թ. Մելինե Անումյանը: