Մայիսի 1-ին Հայաստան կժամանի ԵԽ դիտորդական առաքելությունը

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին, հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրել է, որ մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին հետևելու համար: Առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաև ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել հայկական կողմի հրավերն ընդունելու համար և ողջունել դիտորդների առաջիկա այցը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Արմեն Գևորգյանը նշել է, որ հունիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, այնուհետև կհրավիրվի միջազգային համաժողով՝ նվիրված տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության խնդիրներին, իսկ աշնանը նախատեսվում է ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում Երևանում: ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանը զրուցակիցները փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու լավ հնարավորություն են համարել:

Կողմերը քննարկել են նաև տեղական ինքնակառավարման համակարգի հետագա բարեփոխումներին առնչվող հարցեր: Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ առաջիկա բարեփոխումները վերաբերելու են համայնքների խոշորացման, ֆինանսական համահարթեցման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ընդլայնման, ավագանու ինստիտուտի ամրապնդման, համայնքային ծառայության համակարգի կատարելագործման ուղղություններին: Նա նշել է, որ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է նաև ԵԽ գործընկերների աջակցությունը:

Oլեքսանդր Պավլյուկը հավաստիացրել է, որ Եվրախորհուրդը կարևորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը և կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Մեկնաբանել