ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է Վալերի Բուայեի հետ

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, որը նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա բազմակողմ հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել պատգամավորին՝ նշելով, որ ուրախությամբ հյուրընկալում են մի անձնավորության, որն իր մոտեցումներով և գործունեությամբ ցույց է տվել, թե ինչ վերաբերմունք ունի Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ:

Վալերի Բուայեն շնորհակալություն է հայտնել խորհրդարանի իր գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան, և իր համար Հայաստանն արդեն հարազատ ընտանիք է: Նա նշել է, որ եկել է Երևան՝ հայերի հետ միասին ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Պատգամավոր Բուայեն նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիայում ստեղծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ, որի գործունեությանը մասնակցում են նաև Ֆրանսիայի նախկին պատգամավորներ: Նա հույս է հայտնել, որ ԼՂՀ-ի հետ բարեկամությունն արդյունավետ կլինի և կնպաստի նաև այլ ոլորտներում գործակցության ամրապնդմանը:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Մարգարիտ Եսայանը, Խաչատուր Քոքոբելյանը, Կարինե Աճեմյանը, Մնացական Մնացականյանը ողջունել են ֆրանսիացի պատգամավորի այցը Հայաստան ապրիլի 24-ի նախաշեմին և շնորհակալություն հայտնեցին նրան կատարած աշխատանքի, ինչպես նաև հայանպաստ գործունեության համար: Հայ պատգամավորները նաև վերահաստատել են, որ անելու են ամեն բան՝ երկու երկրների միջև առկա բարեկամությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Վալերի Բուայեն ցավով նշել է, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին կստեղծեն մեկ այլ շրջանակ և իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանի և Մարգարիտ Եսայանի առաջարկով հյուրին ներկայացվել է հայ երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ծրագրի նախագիծը՝ նվիրված Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցման 850-ամյակին: Ներկայացվել է նաև ծրագրի վերաբերյալ 15 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ:

Մեկնաբանել