Բացվել է ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի վերանորոգված սրահը

Լուսանկարը` un.am-ի

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները և Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությունն ապրիլի 23-ին բացել են ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի նոր վերանորոգված սրահը, որը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ), հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Միջոցառումը նվիրված էր «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» մեկամյա ծրագրի ավարտին ու Գրքի և Հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան:

ՀԱԳ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի հիմնական ֆոնդն ունի տասը հազ. միավոր գրքեր, հանդեսներ, պաստառներ և ՄԱԿ-ին վերաբերող այլ նյութեր: Դրանք հիմնականում անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով են: Ֆոնդը մշտապես լրացվում է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակից ու ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունից ստացվող գրականությամբ:

«Ես համոզված եմ, որ այս նոր, ավելի մեծ և վառ սրահում ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանը կծառայի իր առաջնային նպատակին՝ օգնել հայերին իմանալ ավելին ՄԱԿ-ի մասին, որտեղ մենք ծրագրում ենք իրականացնել ՄԱԿ-ի վերաբերյալ քննարկումներ»,- ասել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

«Մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ շատ արդյունավետ է»,- իր հերթին նշել է ՀԱԳ-ի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Հայաստանի ազգային գրադարանում է տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններից մեկը: Հայաստանի ազգային գրադարանի ավանդապահ գրադարանը հիմնվել է 1997թ., իսկ առաջինը հիմնվել է Երևանի պետական համալսարանում 1995թ.: Երկու գրադարաններն էլ ստեղծվել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության օգնությամբ:

Մեկնաբանել