ԵՄ երկրները պատրաստ են նավթ գնել սիրիական ընդդիմությունից

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները որոշել են մեղմել Սիրիայի նկատմամբ էմբարգոն՝ թույլ տալով սիրիական նավթի մատակարարումը ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններից, հաղորդում է BBC-ն։

Ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել ԵՄ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում որոշվել է մեղմել նավթի ներկրման նկատմամբ պատժամիջոցները Սիրիայի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող մի շարք շրջաններից։ Հիշեցնենք, որ Սիրիայի նավթային հատվածում եվրոպական ներդրումների արգելքը, ապա նաև սիրիական նավթի ներկրման էմբարգոն սահմանվել էին 2011թ․՝ նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու համար։

«Մեզ համար կարևոր է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք օգտագործել հնարավոր բոլոր ուղիները, ներառյալ ֆինանսական աջակցությունը՝ սիրիական ընդդիմությանը օգնելու համար»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։

Եվրոպական երկրներն այժմ կարող են ինքնուրույն որոշում ընդունել սիրիական նավթի գնման հարցում։ Բացի այդ՝ եվրոպական ընկերությունները կկարողանան ներդրումներ կատարել և վաճառել սարքավորումներ, որ անհրաժեշտ են ածխաջրածինների արդյունահանման տեղի ենթակառուցվածքը վերականգնելու համար։ Երկրի շատ շրջաններում այն լավ վիճակում չէ․ 2011-ից ի վեր նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են գրեթե երեք անգամ։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։

Մեկնաբանել