Համակարգչային տեխնիկա` ևս 60 համայնքի

Լուսանկարը` mta.gov.am-ի

Հանրապետության համայնքներում տեղակատվական համակարգերի ներդրման գործընթացին աջակցելու նպատակով ապրիլի 23-ին 120 համակարգիչ, ինչպես նաև սքաներներ, տպիչներ, համակարգչային այլ սարքավորումներ են տրամադրվել 60 համայնքի, հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:

Տեխնիկան ձեռք է բերվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ` «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրման ուղղությամբ տարածքային կառավարման նախարարությունը համագործակցում է «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ իրականացվում են ՀԿՏՀ-ի ներդրման աշխատանքները:

ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը նախատեսված է ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքի բյուջեի և գույքի կառավարումը, ֆինանսական և բյուջետային հաշվետվությունների ստացումը, համայնքի բնակչության հաշվառումը և մի շարք այլ գործառույթներ:

Միջոցառմանը ներկա փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը կարևոր է համարել աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: «Բացի կառավարման արդյունավետությունից` այս նորամուծությունները ուղղված են նաև տեղական մարմինների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, նրանց գործունեության մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն»,- ասել է Արմեն Գևորգյանը։

Ներկայում ՀԿՏՀ է ներդրված 350-ից ավելի համայնքում: Մյուս համայնքներում համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: