Հ. Նաղդալյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենին

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

2012թ. աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է հզորացնել խորհրդարանի նեկայացուցչական, վերահսկողական ու վերլուծական կարողությունները: Կարողությունների հզորացման ու աջակցության համար ընտրվել են թե առանձին պատգամավորներ, թե չորս մշտական հանձնաժողովներ: Ծրագրի պատասխանատուները հետաքրքրված են նաև կին պատգամավորների հետ համագործակցությամբ և նախատեսում են հանդիպումների ու քննարկումների շարք նրանց հետ: Շոն ՄակՆելիի համոզմամբ՝ արդյունավետ կլինի համախմբել կին պատգամավորների ներուժը որոշակի հարցերի շուրջ՝ երեխաներին, ընտանիքին, կանանց վերաբերող: Նրա բնորոշմամբ՝ սրանք համընդհանուր խնդիրներ են և չեն ճանաչում կուսակցական պատկանելություն:

Հերմինե Նաղդալյանը գաղափարին աջակցելու և իր փորձն ի նպաստ բերելու պատրաստակամություն է հայտնել: Մինչ համագործակցության ձևաչափը և հնարավոր ուղղությունները համաձայնեցնելը՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 1995թ. ի վեր կանանց համախմբելու ջանքերն ու արդյունքները:

Աջակցման ծրագրի հրավիրած փորձագետն ուսումնասիրել է քաղաքական և այլ կառույցներում կանանց ներգրավվածության խնդիրը: ԱԺ փոխնախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ինչպես այդ արդյունքների հրապարակումը, այնպես էլ քննարկումներ օրենսդրի 14 կին պատգամավորների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրող այլ հարցեր:

Աժ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Շոն ՄակՆելիին՝ վստահություն հայտնելով, որ նրանց գործունեությունն ուղղված կլինի Հայաստանի քաղաքական համակարգի հզորացմանը և իր նպաստը կունենա պետականության ամրապնդման գործում:

Մեկնաբանել