Աքչամի հարցազրույցը «Զամանին». Փոփոխությունների վկայությո՞ւն, թե՞ սին հույսեր

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մի քանի օր առաջ թուրքական «Զաման» օրաթերթում հրապարակված հարցազրույցը ուշագրավ էր «Զամանի» քաղաքական, գաղափարական ուղղվածության, ինչպես նաև թերթի պետական հովանավորություն վայելելու առումով: Թուրքիայում անգլերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող այս օրաթերթը տեղական լեզուներով լույս է տեսնում Ամերիկայում, Եվրոպայում, ինչպես նաև Ադրբեջանում և Միջին Ասիայի թուրքալեզու պետություններում: «Զաման» օրաթերթը հանդես գալով ժողովրդավարության դիրքերից՝ իր էջերում որպես սյունակագիրներ և լրագրողներ փորձում է տեղ տալ Թուրքիայի էթնիկական ու կրոնական բոլոր խմբերի ներկայացուցիչներին, սակայն այս ամենով հանդերձ, շատ հստակ պաշտպանում է կառավարության քաղաքական գիծը:

Թաներ Աքչամի ուղղամիտ և ճշմարտացի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում վաղուց հայտնի է: Նա բազմիցս հանդես է եկել ելույթներով և հրապարակումներով, Թուրքիայում դատապարտվել է իր առաջադիմական հայացքների ու պատմության կեղծարարների դեմ արտահայտած մտքերի համար:

Հարցազրույցում պատմաբանը, ինչպես նախկինում, «մահացածների» մասին հարցին պատասխանելիս, ընդգծում է հայերի մահվան բռնի հանգամանքը՝ նշելով ջարդ և ցեղասպանություն եզրերը: Նա տվյալներ և փաստեր է բերում օսմանյան արխիվներից, մասնավորապես՝ Թալեաթ փաշայի «Տեղահանության տետրից»՝ միտումնավոր չանդրադառնալով արտասահմանյան աղբյուրներին: Բացատրելով 1915 թվականը ցեղասպանություն կոչելու հիմնական պատճառը` օրինակ է բերում եզրույթի ստեղծող Լեմկինի հուշերը և ուղիղ խոսքերով հիշատակում է վերջինիս «Ես «ցեղասպանություն» եզրը սահմանեցի հայերի գլխին եկածն աշխարհին պատմելու համար» արտահայտությունը: Վերոհիշյալը Թուրքիայում առաջին անգամ է հստակորեն բարձրաձայնվում և տեղ գտնում հեղինակավոր իշխանամետ օրաթերթում:

Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող օրաթերթի հետ հարցազրույցում Թաներ Աքչամը ոչ միայն սահմանում է եղելության ցեղասպանություն լինելը, այլև մանրակրկիտ ներկայացնում է հայերի սպանությունների հիմնական մեթոդները՝ բացահայտելով տեղահանումներից ու հիվանդություններից բացի ուղղակի սպանությունների զանգվածային կիրառումը:

Աքչամը փորձում է ցույց տալ երիտթուրքական կառավարության ակտիվ գործունեությունը Ցեղասպանության ծրագրում, ինչպես նաև քրդական չեթեների` հրոսակախմբերի, օգտագործումը: Շեշտելով եղելության ոչ թե պատճառներից ու իրավիճակից բխող բնույթը, այլ նախապատրաստված լուրջ ծրագրի առկայությունը, խորհուրդ է տալիս 1915-ը չընդունել որպես փոխադարձ բախումների և ցավերի տարի: Աքչամը դրանով փորձում է ապրիլի 24-ի նախօրեին հայերի կողմից վնասված թուրքերի մասին Թուրքիայում տեղի ունեցող ժողովների և կոնֆերանսների անիմաստությունը մատնանշել և խորհուրդ է տալիս ոչ թե պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այլ միջոցներ որոնել այն ընդունելու համար:

Աքչամը փորձում է թուրք հասարակությանը նախապատրաստել՝ առաջարկելով օգտագործել կրոնի` իսլամի առանձնահատկությունը և բնակչության զգացմունքայնությունը: Նկատի ունենալով թերթի ընթերցողների նաև կրոնական ուղղվածությունը՝ հիշեցնում է իսլամում հավիտենական թշնամության անընդունելիությունը և զոհերի հիշատակի հարգման անհրաժեշտությունը:

Այս հարցազրույցով Աքչամը փաստորեն ուղերձ է հղում թուրք հասարակությանը, մամուլին, կառավարությանը, ինչպես նաև Ադրբեջանին: Հատկանշական է, որ հարցազրույցում հստակ նշված Թուրքիայի հայկական քաղաքականությունը ադրբեջանականի ստվերում մնալու հանգամանքը տեղ չի գտել օրաթերթի անգլերեն տարբերակում: Կարելի է ենթադրել, որ oրաթերթը, տպագրելով Աքչամի հարցազրույցը, կառավարությանը և Ադրբեջանին մեղադրող հատվածը գուցե փորձում է նախապատրաստել հայաստանյան քաղաքականության փոփոխությունը, սակայն այդպիսի լավատեսության համար, բացի Աքչամի հարցազրույցից, այլ նախանշաններ դեռ չկան:

Աքչամի հարցազրույցը ոչ միայն ի հայտ է բերում Ցեղասանության ընդունման անհրաժեշտությունը, այլև ընդունումից հետո արվելիք քայլերի մասին նախանշաններ է տալիս: Աքչամը, բացի Հայաստանի հետ բարեկամության լեզվի ստեղծումից, կառավարությանը խորհուրդ է տալիս թույլատրել նախկին Օսմանյան կայսրության քաղաքացիների ժառանգների վերադարձը Անատոլիա և մատնանշում ոչնչացված հայկական մշակութային և կրոնական ժառանգության վերականգնման անհրաժեշտությունը: Աքչամը անհրաժեշտություն է համարում նաև հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացումը և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման վերացումը՝ շեշտելով նախկին ցավերը բուժելու համար այսօրվա հարաբերությունների նորմալացման կարևորությունը:

Արդահանում ծնված պատմաբանը դեռ Անկարայում ուսանելու ժամանակ ակտիվորեն պայքարել է կառավարության սխալների դեմ և իր առաջադիմական հայացքների համար ձերբակալվել ու երկարամյա բանտարկության է դատապարտվել: 1978թ. Գերմանիայում քաղաքական ապաստան գտած Աքչամը այժմ Գերմանիայի քաղաքացի է: Գիտական աշխատանքն ԱՄՆ-ում շարունակող Աքչամը իր հայամետ ընկալվող աշխատությունների, ելույթների համար թրքությունը վիրավորելու և «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար մեղադրվել է 301 հոդվածով: 2001թ. նա բողոքարկել է դատավճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և շահել դատը: Թուրքիայում Աքչամի մասին մեղադրանքները գագաթնակետին հասան երբ նա սկսեց գրել նաև «Ակոս» թերթում:

Աքչամի պես հեղինակավոր ու ազատամիտ պատմաբանի՝ Թուրքիայում երկար տարիներ մեղադրանքներ ու հալածանքներ ենթարկվելուց հետո այսօր ամենահեղինակավոր թերթի առաջնային էջերում հրապարակվելը բավական ուրախալի փաստ է: Ամենաուշագրավն այն է, որ Աքչամը և՛ ժողովրդին, և՛ կառավարությանը օրինակ է բերում քրդական հարցը և «այսքան երկար ժամանակ ու տարաձայնություններից հետո իր մեջ այն լուծելու ուժ և պատրաստակամություն գտնող կառավարությանը» հորդորում է շարունակել քայլերը նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրի լուծման ճանապարհով:

Թուրքիայում հալածյալի կարգավիճակով պատմաբանի հարցազրույցը իշխանամետ թերթում, եթե անգամ պետական քաղաքականության որևէ փոփոխության մասին չի վկայում և ընդամենը ուշադրությունը շեղելու նախաապրիլյան հերթական փորձ է, արդեն իսկ դրական հույսեր է ներշնչում և առանձնահատուկ նշանակություն է ստանում Ցեղասպանության մասին թուրք հասարակությանն իրազեկելու առումով:

Իհարկե այս համատեքստում լիովին տեղավորվում է նաև այն հանգամանքը, որ հարցազրույցն արվել է միաժամանակ երկու թուրք պատմաբանների հետ, որոնք Ցեղասպանության հարցում տրամագծորեն հակառակ կարծիքի են: Թերթում նույն հարցերի տակ տրվել են նաև Յուսուֆ Հալաչօղլուի պատասխանները, որոնք նույնիսկ թուրք հասարակության շրջանակներում ընդունվում են որպես անհեթեթություններ: Այսպիսով՝ Թաներ Աքչամին տալով արտահայտվելու իրավունք, քաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար տեղ է հատկացվում նաև պատմության այնպիսի կեղծարարի, ինչպիսին Հալաչօղլուն է: Ադրբեջանական հերթական մեղադրանքներից զերծ մնալու համար արված ու «Զամանի» ոճին համապատասխան այս «խաղը» չի կարող ստվերել Թաներ Աքչամի դիրքորոշման հրապարակումը իշխանամետ թերթում:

Մեկնաբանել