Firefox OS-ով աշխատող սմարթֆոնների արժեքը սկսում է $119-ից

Ապրիլի 23-ին սկսել են Firefox բրաուզերի նախագծմամբ և տարածմամբ զբաղվող Mozilla ընկերության և սմարթֆոններ արտադրող իսպանական Geeksphone-ի համատեղ արտադրության սմարթֆոնների վաճառքները, որոնք աշխատում են Firefox OS օպերացիոն համակարգով, հաղորդում է Engadget-ը:

Սարքավորման արժեքը սկսվում է $119-ից: Այս արժեքով ներկայացվել է Keon սմարթֆոնի նարնջագույն տարբերակը: Ավելի հզոր բնութագրիչներով տարբերակի` Peak սմարթֆոնի արժեքը $194 է:

Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել օնլայն տարբերակով: Խանութները, որոնք զբաղվում են Firefox OS սմարթֆոնների տարածմամբ, խոստանում են այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ Mozilla-ն ու Geeksphone-ը 2013թ. հունվարին ներկայացրել էին Keon և Peak սմարթֆոնները, որոնք աշխատում են Firefox OS-ով:

Ինչպես հաղորդում է Verge-ը, Keon-ն ունի 1 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon S1 պրոցեսոր, 3,5-դյույմանոց HVGA սենսորային էկրան, 3 Մգպ տեսախցիկ:

Peak-ը, իր հերթին, ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ Snapdragon S4 պրոցեսոր, 4,3-դյույմանոց qHD էկրան, հիմնական` 8 Մգպ և երկրորդային` 2 Մգպ տեսախցիկներ:

Երկու սմարթֆոններն էլ ունեն 512 Մգ օպերացիոն հիշողություն, 4 Գբ հիշողության կուտակման սարք, Wi-Fi և GPS, MicroSD քարտարան, ինչպես նաև կողմնորոշման, հեռավորության և լուսավորության հաղորդիչներ:

Մեկնաբանել