ԱՄՀ-ի հետ գործադիրը քննարկում է վարկային նոր միջոցներ ներգրավելու հնարավորությունը

«Մենք առայժմ որպես թիրախային շարունակում ենք դիտարկել 6,2% տնտեսական աճի ցուցանիշը, քանի որ հավատում ենք՝ կանխատեսված 4% տրենդային աճի պայմաններում կարող ենք 1,5-2%-ով գերազանցել այն»,- ասում է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։

Այս տարի ավարտվում են Արժույթի միջազգային հիմնադրամի՝ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» վարկային ծրագրերը։ Կառավարությունը հիմնադրամի հետ սկսել է քննարկել վարկային նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։ Նման քննարկումները, ըստ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՀ-ի հետ անցկացվում են ցանկացած ծրագրի ավարտից հետո։

Ապրիլի 23-ին պատասխանելով լրագրողների հարցին, թե մտադիր է արդյոք կառավարությունը ԱՄՀ-ից վարկային նոր միջոցներ ներգրավել, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ցանկացած ծրագրի ավարտից հետո այդ ուղղությամբ մշտապես քննարկումներ լինում են։ «Կան մի քանի ծրագրեր, մասնավորապես Stand-By (Օժանդակության վարկային ծրագիր) և EFF (Երկարաձգվող ֆինանսավորման), որոնք իրականացվում են մեզ նման ֆինանսական վիճակում գտնվող երկրներում։ Երկու այդ ծրագրերի հնարավոր տարբերակները մենք քննարկում ենք, և կարող է նոր ծրագիր լինել, կամ՝ չլինել։ Այդ ամենը բանակցությունների ու քննարկումների առարկա է»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, թե հնարավոր նոր վարկային ծրագրի անհրաժեշտությունը պետք է որոշի նոր կառավարությունը։

Անդրադառնալով հարցին՝ թե ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը Հայաստանի համար ավելի ցածր տնտեսական աճ են կանխատեսում (համապատասխանաբար 4,3% և 5%), քան կառավարությունը դրել է բյուջեի հիմքում (6,2%), Գաբրիելյանը ասաց, որ ներկայում Երևանում են ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ներկայացուցիչները և վերջիններս հետ քննարկվում են նաև տնտեսական աճի հեռանկարները։ «Մենք առայժմ որպես թիրախային շարունակում ենք դիտարկել 6,2% տնտեսական աճի ցուցանիշը, քանի որ հավատում ենք՝ կանխատեսված 4% տրենդային աճի պայմաններում կարող ենք 1,5-2%-ով գերազանցել այն»,- նշեց Գաբրիելյանը։

ԱՄՀ-ի հայաստանյան առաքելությունը Երևան է ժամանել ապրիլի 18-ին։ Այցի հիմնական նպատակը «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի կատարողականի գնահատումն է։ $403,8 մլն ծավալով եռամյա այս ծրագրերը ԱՄՀ տնօրենների խորհուրդը հաստատել է 2010թ. հունիսին։ Հայաստանն արդեն ստացել է $324,4 մլն ։

Վարկավորման շրջանակում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են վարչարարության բարեփոխման ընդգրկուն ծրագիր իրականացնել՝ ուղղված հարկաբյուջետային քաղաքականության ճշգրտմանն ու միջնաժամկետ հեռանկարում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին, պետական ներդրումների ավելացմանը, հարկային ռեժիմի, կանոնակարգերի, հաշվետվական պահանջների պարզեցմանն ու մրցակցության բարձրացմանը։

Ի դեպ, Հայաստանում վարկային նոր ծրագրի մասին որոշում ընդունելիս ԱՄՀ-ում հաշվի են առնելու նախորդ ծրագրերի, մասնավորապես «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի կատարողականը։