Խստացվելու են գարնանային զորակոչի իրականացման միջոցառումները

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել 2013թ. գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է գարնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Ներկայացնելով 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները` Խաչատուրովն անդրադարձել է գրանցված հաջողություններին և թերացումներին, ուղենշել 2013թ. գարնանային զորակոչի անելիքները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նաև կարևորել է պաշտպանության նախարարության և մյուս գերատեսչությունների, իրավապահ մարմինների, մարզային կառույցների հետ համագործակցությունը:

Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Կ. Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանը: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետը ներկայացրել է նախորդ զորակոչի ընթացքում ռազմաբժշկական ապահովման արդյունքները` ընդգծելով, որ առկա է զգալի առաջընթաց: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր ելույթում կարևորել է պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև մարզային հանձնաժողովների հետ համագործակցությունը և նշել, որ աշխատանքներ են տարվում օրենսդրական դաշտի բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփել է ՀՀ Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զորակոչի ուղղությամբ 2012թ. կատարված հետևողական և բարեխիղճ աշխատանքների արդյունքում գրանցվել են կարևոր հաջողություններ:

Նա ընդգծել է նաև, որ զորակոչային աշխատանքներին մասնակցող բոլոր պատասխանատու մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաև թերացումներ: Սեյրան Օհանյանի խոսքով` գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու: «Աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել: Փոփոխության են ենթարկվում նորմատիվ իրավական ակտերը: Կարող են հիմնովին վարանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մարզային հանձնաժողովների աշխատանքի, նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահոգեբանական, սոցիալիրավական նախապատրաստության իրականացման վրա: Մենք պետք է իրականացնենք բոլոր մեխանիզմները զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Նա նաև համապատասխան հանձնարարականներ է տվել և ուղենշել հետագա անելիքները:

Հանձնաժողովի նիստում նշվել են լավագույնները, ինչպես նաև թերացողները: Զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացել են պատվոգրերի, արժեքավոր նվերների և գերատեսչական մեդալների:

Մեկնաբանել