ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել

Ապրիլի 23-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Փոխոստիկանապետի խոսքով` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կազմի և նրանց պատրաստվածության մակարդակի էական փոփոխությամբ: Փոխվել է ոստիկանության զորքերի զինծառայողների կազմը, և ոստիկանության զորքերում ծառայության են անցնում պայմանագրային զինծառայողները, որոնք կարող են հասարակական կարգի պահպանության ու հասարակական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնել ինքնուրույն: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ոստիկանության զորքերը Երևան քաղաքում ունեն առանձին մշակված հետիոտն երթուղիներ, և ՊՊԾ գնդի ստորաբաժանումների հետ համատեղ ծառայություն իրականացնելու դեպքում առաջանում են որոշակի խնդիրներ՝ կապված երթուղիների և հերթափոխերի հետ:

Նախագծի կարգավորման նպատակն է առավել արդյունավետ դարձնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, բարձրացնել ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը, հնարավորինս ճիշտ օգտագործել ոստիկանության ուժերն ու միջոցները, վերացնել ոստիկանության զորքերի զինծառայողների և ՊՊԾ գնդի ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ ծառայության ընթացքում առաջացող կազմակերպչական և այլ բնույթի խոչընդոտները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ՝ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկել և հաստատել է ապրիլի 25-ին՝ ժամը 14:00-ին, «Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին որոշումը:

Նույն օրը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել և ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը տեղեկացրել են հանձնաժողովի կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի կատարման ընթացքի մասին: