Ցեղասպանությունը այսօր էլ շարունակվում է Հայաստանում. Հրանուշ Հակոբյան

Տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացված Համահայկական երիտասարդական համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը. տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից:

Ամփոփվել են թեմատիկ նիստերի քննարկումները: Համահայկական ծրագրերի վարչության պետ, երիտասարդական հիմնախնդիրների նիստավար Ատոմ Մխիթարյանը ներկայացրել է նիստի առաջարկները` նոր որակ և ուղղվածություն հաղորդել երիտասարդության հետ աշխատանքին, հայ ինքնության պահպանման գլխավոր զենքը համարել մայրենին, երիտասարդական կազմակերպությունների ցանցի ստեղծումը, համահայկական երիտասարդական շինարարական ջոկատների կազմակերպումը: Առաջարկվել է ունենալ հայ երիտասարդի օր, ապրիլի 22-ը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է լեզվամշակութային հիմնախնդիրների նիստի առաջարկները` Սփյուռքի հայ համայնքներում մեծացնել հայկական դպրոցներին տրվող օգնությունը, կրթաթոշակներով շահագրգռել ավելի մեծ թվով ուսանողների հայագիտություն սովորել, արբանյակային հեռուստատեսությամբ լեզվի ուսուցման ծրագրեր կազմակերպել, սփյուռքահայ ուսուցիչներ վերապատրաստել, սփյուռքի երեխաներին շահագրգռել հայկական դպրոցներ հաճախել:

Ցեղասպանության հիմնախնդիրների նիստավար, ՀՀ փոխնախարար Վահե Ջիլավյանը կարևորել է պայքարի և պահանջատիրության պետական մոտեցումը, պետությունների կողմից ցեղասպանությունների ճանաչումը, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռը, որպես իրավական ակտ՝ փաստացի կիրառումը:

Վերջում ելույթ է ունեցել Հրանուշ Հակոբյանը: Նա, մասնավորապես նշել է. «Մեր հայկական լսարանը ամենահամարձակը, ամենապատրաստվածը պետք է լինի: Պետք է կարողանանք օտար լեզվով ներկայացնել մարդկության դեմ կատարված ոճրագործությունը: Հայ ժողովրդին օսմանագետներ, ցեղասպանագետներ են պետք: Պայքարը շարունակական է: Ես եկել եմ այն եզրակացության, որ ցեղասպանությունը այսօր էլ շարունակվում է Հայաստանում, որովհետև գտնվում է շրջափակման մեջ, նաև Սփյուռքում, որովհետև այնտեղ ապրելով, հայը տառապում է հոգեպես: Ով է չափել հայ ժողովրդի բարոյական, հոգեկան տառապանքը: 100 տարի անց ունենք իրավիճակ, որի մեջ ապրում և գործում է հայ ժողովուրդը:

Ձեր առաջ խնդիր ենք դնում սովորել հայերեն: Մեկուկես միլիոն նահատակները զոհվեցին, որ կրոնափոխ չլինեն, թուրքին ծառա չդառնան: Խնդրելով՝ պահանջում և պահանջելով խնդրում եմ՝ խոսե՛լ հայերեն: Եթե չանեք, ձուլվելու վտանգի առաջ ենք կանգնած: Երեխաներին պետք է կապենք հայ լեզվին, հայ դպրոցին, Հայաստանին:

Հիշե՛ք և իմացե՛ք, մենք փոքր չենք, մենք շատ մեծ ազգ ենք: Հայ ժողովուրդը հզոր ազգ է, 10 միլիոն: Եվ այդ 10 միլիոնի ուժով պետք է խոսենք աշխարհի հետ»:

Համահայկական երիտասարդական համաժողովը ընդունել է հայտարարություն:

Այնուհետև տեղի է ունեցել «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում:

Երեկոյան համաժողովի մասնակիցները մասնակցել են Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին: