Վարդան Ղուկասյանը ևս բերման է ենթարկվել

«Ե՛վ Վարդան Ղուկասյանը, և՛ բոլորը բերման են ենթարկվել, հարցաքննություն է իրականացվում ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում»,- ԳԱԼԱ հեռուստատեսությանը տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնից: Գյումրիի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանն ասել է, որ այլ մանրամասներ առայժմ չի կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով:

Բացի Վարդան Ղուկասյանից և նրա որդուց՝ Սպարտակ Ղուկասյանից, բերման են ենթարկվել ևս մի քանի անձինք: Սարգիս Մարտիրոսյանը այն հարցին, թե Գյումրիի նախկին քաղաքապետը և բերման ենթարկված մյուս քաղաքացիները արդյո՞ք բոլորը կապ ունեն այսօր հնչած կրակոցների հետ, նրանք հարցաքննվում են որպես կրակոցների մասնակի՞ց, չի պատասխանել՝ ասելով, որ հարցաքննության ավարտից հետո միայն կպատասխանի բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին րոպեներ շարունակ Գյումրիում կրակոցներ են հնչել: Մոտ ժամը 13:00-ին Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:

Բագրատաշենի սահմանային կետից բերման է ենթարկվել Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը։