Ջավախահայերը վրաց իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 23-ին «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ և Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած ջահերով ու մոմերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող. հաղորդում է akhaltskha.net կայքը:

Նախքան երթի մեկնարկելը երիտասարդները հավաքվել են եկեղեցում, որտեղ հոգևորականների հետ միասին աղոթել են Ցեղասպանության ընթացքում նահատակված հայերի հոգիների համար:

Այնուհետև երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրաձայն կոչ են ուղղել Վրաստանի իշխանությանը հետևել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին՝ ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից երիտասարդները հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, ինչին հետևել են հայրենասիրական երգեր ու կանչեր:

«Չնայած սաստիկ քամուն, որն Ախալցխայում ծառեր էր շրջել և շենքերի կտուրներ ավերել, այնուամենայնիվ, արդեն ավանդական երթը կայացել է շնորհիվ երիտասարդների անկոտրում ոգու և պատասխանատվության բարձր զգացումի:

Երթը խաղաղ, առանց միջադեպերի անցկացնելու համար կազմակերպիչներին իրենց շնորհակալությունն են հայտնել Ախալցխայի գամգեոբայի ներկայացուցիչները»,- նշված է կայքում:

Մեկնաբանել