Պատմական հուշագրություն Հայոց եղեռնի մասին

Վերջերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ՝ «Վերապրողների հուշեր» մատենաշարով լույս տեսավ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի ռուսերեն թարգմանությունը (թարգմանիչներ՝ Նորայր և Նինա Իսկանդարյաններ)։

Հեղինակի անունը՝ Մարգարիտ Աճեմյան-Ահներթ, միանգամից հայտնի դարձավ հայ և օտար ընթերցողին, երբ 2007թ. գիրքն առաջին անգամ հրատարակվեց ԱՄՆ-ում՝ արժանանալով տարվա «Լավագույն գիրք» մրցանակին: 2008թ. Նյու Յորքի Գրքի տոնավաճառում «Դռան թակոցը» ճանաչվեց «Լավագույն պատմական հուշագրությունը»։

Նույն գրքի աննախադեպ հաջողության մասին են վկայում նաև անցած տարիների մի քանի վերահրատարակությունները անգլերենով և թարգմանություններն օտար լեզուներով, ներառյալ՝ թուրքերենը: 2009թ. Երևանում լույս տեսավ գրքի հայերեն թարգմանությունը, որի առիթով Մարգարիտ Աճեմյան-Ահներթը ժամանել էր Հայաստան: Հենց այդ ժամանակ էլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հեղինակին առաջարկեց ունենալ ռուսերեն թարգմանությունը։

Մեծ եղեռնի ականատեսի վկայություն հանդիսացող այս հուշագրությունը Հայկական սփյուռքում 20-րդ դարի 20-ական թվականներից հետո ձևավորված ցեղասպանության գրականության նորօրյա ուշագրավ դրսևորում է։ Այն կառուցված է սյուժետային երկու գծերի զուգահեռ զարգացմամբ. մեկն անցյալ դարասկզբի ողբերգական դեպքերն են՝ պատմված մոր կողմից, մյուսը՝ դարավերջի դրանց մեկնաբանությունը՝ արված դստեր կողմից:

Գրքի գլուխները հենց այդ հաջորդականությամբ էլ հերթագայում են մեկը մյուսին: Նախաբանում Մարգարիտ Աճեմյանը գրում է. «Պատմիչը նա էր. ես գրագիրն էի: Յուրաքանչյուր գրագիր իր հետքն է թողում գրածի վրա։ Սա մեր պատմությունն է՝ գրված միասին»։

«Դռան թակոցը» պայմանականորեն կարելի է երեք մասի բաժանել. նախ՝ նախաեղեռնյան շրջան, ապա՝ բուն գաղթն ու հայ գաղթականներին պատուհասած դժնի ճակատագիրը և վերջապես՝ վերապրողի կյանքի հետագա տարիները։

Դրանցից առաջին երկուսը տրամագծորեն հակառակ աշխարհներ են ներկայացնում: Առաջինում մանկության տարիների (1900-1915 թթ.) երջանիկ, ավելին՝ հովվերգական նկարագրությունն է: Ամասիան, ամբողջովին թաղված կանաչի և պտղատու այգիների մեջ, Եսթերին երկրային դրախտ է թվում: Նույնիսկ ամենաչար երազում նա չէր կարող տեսնել այն մղձավանջային օրերը, որոնք պիտի հաջորդեին իր մանկության ու վաղ պատանեկության տարիներին։

1915թ. հունիսին հրապարակվում է Ամասիայի հայերի տեղահանության կառավարական հրահանգը: Քաղաքից բռնի տեղահանվող հայ գաղթականների առաջին խմբի մեջ էր նաև 15-ամյա Եսթեր Միներաճյանը՝ իր հարազատների հետ։ Նրանց տառապանքների ու չարչարանաց պատմությունն ընթերցվում է ցավ ի սիրտ և արցունք ի աչք: Վայրի երևակայություն ունեցող մեկն անգամ անզոր է նկարագրելու այն ամենը, ինչի միջով անցնում է դեռահաս հայուհին: Աքսորի ճամփաներից ու մահվան երթից նրա պատմած իրապատում դեպքերը, Դանիել Վարուժանի բնորոշմամբ, «տաք մոխիրի պես» են թափվում ընթերցողի գլխին: Դրանք ամենևին էլ խելացնոր տեսիլներ չեն, այլ դառն իրականություն:

Եսթերը պատմում է, իսկ Մարգարիտ Աճեմյանը մեզ է փոխանցում այդ զրկանքների սահմռկեցուցիչ պատկերները։ Դրանք ֆիլմի դիպաշարի նման անցնում են ընթերցողի հայացքի առջևով: Կարծես հուզառատ և ահասարսուռ տեսարաններով լի շարժանկար ես դիտում՝ մի կողմից արժանահավատ, մյուս կողմից՝ անհավատալի։

Եսթերը մահվան քարավանների երթը համեմատում է դեպի դժոխք տանող ճանապարհի հետ: Նա, իհարկե, շատ է փորձել մոռանալ այդ ամենը: «Մոռացի՛ր» բառը հրամայականի պես է հնչել բոլոր վերապրողների համար։ Ծննդավայրի և դրա ավերի հուշերը, սակայն, ուղեկցել են նրան հետագա ողջ կյանքում։

Եղեռնի գեհենից հրաշքով փրկված հայուհին, փախչելով Ամերիկա, մտովի ապրել է անցյալի իր հիշատակների հետ։ Ամեն ինչի համեմատության եզրն ու գնահատման չափանիշը նրա համար հայրենի բնաշխարհն է եղել. ծաղիկ լինի, թե փուշ, երջանիկ ակնթարթներ, թե դժվարին պահեր՝ բոլորի մասին նրա դատումների սկիզբն ու ավարտը Ամասիան է, հայրենի եզերքը։

Գրքի հերոսուհու՝ Եսթերի համոզմամբ՝ բոլորը պիտի իմանան, թե ինքն ու իր նման հարյուր հազարավորներն ինչերի միջով են անցել։ Նա իր մտավախությունը բազմիցս է հայտնել դստերը. «Երբ մեռնեմ, ճշմարտությունն ինձ հետ կմեռնի»։ Հուշերի այս գրքով Մարգարիտ Աճեմյանն ի չիք է դարձրել այդ մտավախությունը՝ գրական հուշարձան կանգնեցնելով ոչ միայն իր տառապած մորը, այլև պատմական ճշմարտությանը։

«Դռան թակոցը», սակայն, սոսկ ցեղասպանության արհավիրքի և կանխամտածված ոճիրի պարզ ու անմիջական նկարագրություն չէ, այլ վերապրողի ու նրա դստեր խորհրդածությունների ու մեկնաբանությունների մեկ ամբողջական հյուսվածք։ Դատելով մոր գլխով անցածից և նրա բախտակիցների ոդիսականից՝ հեղինակը հռետորական հարց է տալիս. «Եթե սա ցեղասպանություն չէր, ապա ի՞նչ էր»։ Ընդ որում՝ մոր հուշերը նա թղթին է հանձնել ոչ թե վրեժի, այլ «իրողությունն արձանագրելու համար»։ Տառապանաց ողջ մրուրը խմած Եսթերը կարծում է, որ ատելությամբ ապրել չի լինի։ Նա իր վրեժն առնում է ապրելով և սերունդ տալով, շարունակելով իր արյունը։

«Դռան թակոցը», որ ընթերցվում է մեկ շնչով, շնորհիվ աշխույժ ու պատկերավոր ոճի հատում է փաստագրության սահմանները՝ անցնելով գեղարվեստականի ոլորտը։ Դրանով հուշագրական այս գործը ձեռք է բերում ընդհանրական շեշտեր և վերածվում գեղարվեստական սրտառուչ պատումի։

Այն, առանց չափազանցության, կարող է դառնալ գրական արժեքավոր հենք՝ ստեղծելու հայոց եղեռնի թեմայով մի հզոր կինոնկար։ Հիշենք, որ Հոլոքոստի հանրայնացման գործում ինչ վճռական դերակատարություն ունեցան «Աննա Ֆրենկի օրագիրն» ու Սթիվեն Սփիլբերգի հանրահայտ ֆիլմը։ Պետք է շտապել. չէ՞ որ Հայոց զուլումի 100-ամյակը յոթ սարի հետևում չէ: Միգուցե այս երկի նկարահանումը վերածվի մեկ այլ «Շինդլերի ցուցակի»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ի վերջո, 1915-նախճիրը միայն հայերիս դեմ չէր ուղղված, այլ համայն մարդկության:

Մեկնաբանել