Մոտ 100 տարի արդարությունը սպասում է անաչառ գնահատականի. Հ.Աբրահամյան

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Օսմանյան Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված հանցագործության՝ ցեղասպանության 98-րդ տարելիցի օրն է: Շուտով կլրանա այդ՝ դեռևս հիմնավորապես չդատապարտված ոճրագործության մեկ դարը, այսինքն՝ մոտ 100 տարի արդարությունը սպասում է ճշմարիտ ընկալման ու անաչառ գնահատականի:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերը դարձան աշխարհում առաջին՝ պետականորեն կազմակերպված այլատյացության ու անհանդուրժողականության քաղաքականության ու ծրագրի անմեղ զոհերը: Հայոց մեծ եղեռնը այսօր էլ շարունակում է որպես տագնապի ազդանշան հնչել քաղաքակիրթ աշխարհի ու առաջադեմ մարդկության համար: Ցեղասպանության՝ որպես ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության չդատապարտումը նշանակում է ոչ միայն չկանխել, այլև մեծացնել նմանատիպ ոճիրների կրկնման հավանականությունը, ինչին աշխարհն արդեն ականատես է եղել նաև 21-րդ դարում:

Ցավոք, ազգայնամոլությունը, այլատյացությունն ու անհանդուրժողականությունը այսօր էլ շարունակում են գոյություն ունենալ մեր տարածաշրջանում: Քանի դեռ Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարասկզբի Թուրքիայի այսօրվա իրավահաջորդի կողմից չի ճանաչվել, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը դատապարտած երկրների՝ աստիճանաբար ստվարացող շարքին չի միացել Թուրքիան, այդ երկիրը պետք է շարունակի ընկալվել պատասխանատվության ու մեղքի նույն ծանր բեռով ու ցեղասպանություն կատարած հանցագործի կերպարով: Միջազգային հանրությունը պետք է ավելի հաստատակամ ու հետևողական լինի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, որովհետև մեկ ժողովրդի ցեղասպանությունը, հայրենազրկումն ու ունեզրկումը վտանգավոր նախադեպ ու ակնհայտ նախազգուշացում են բոլոր ժողովուրդներին ու պետություններին և ծանրագույն հարված են համամարդկային բարոյականությանն ու արժեհամակարգին:

98 տարվա հեռավորությունից այսօր վերստին ոգեկոչում ենք մեր նահատակ նախնիների հիշատակը և դատապարտում Հայոց ցեղասպանության մերժողականությունն ու ժխտողականությունը: Մենք դա անում ենք անցյալի էջերը քաղաքական սակարկության առարկա չդարձնելու և մեր նորօրյա պատմությունը վստահորեն կերտելու հաստատակամությամբ և ավելի ուժեղ Հայաստանի հեռանկարով»:

Մեկնաբանել