PKK-ի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության մասին

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքական թևը` Քրդստանի համայնքների միությունը, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 23-ին, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է քրդական Firat-ը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «1915թ. հայերի տեղահանությունը մարդկության պատմության ամենաողբերգական էջերից է: Այդ տեղահանության ժամանակ Օսմանյան կայսրությունը միլիոնավոր հայերի հազարամյակներ բնակեցրած հողից տեղահան արեց և հարյուր հազարավոր մարդկանց կոտորածի ենթարկեց»: Նշվում է նաև, որ 1915թ. ոչ միայն հայ ժողովուրդը կոտորվեց, այլև սպանվեցին խաղաղությունը, եղբայրությունը և հանդուրժողականությունը:

Հայտարարության համաձայն` PKK-ի պայքարը ոչ միայն քրդերի, այլև հայերի, ալևիների, եզդիների, արաբների, թուրքերի և լազերի պայքարն է:

PKK-ն կոչ է արել Թուրքիայի Հանրապետությանը առերեսվել իրողությանը և ներողություն խնդրել ոչ միայն հայերի կոտորածի, այլև եզդիների, ալևիների և քրդերի կոտորածների համար:

Կուսակցության ներկայիս առաջնորդ Մուրատ Քարայըլանը 2011թ. ապրիլի 24-ին հայտարարել էր, թե ինչ անուն էլ դնենք` ցեղասպանություն, կոտորած, թե տեղահանություն, միևնույնն է` հայ ժողովրդին ոչնչացրել են։

Մեկնաբանել