Yahoo!-ի iOS տարբերակը` նորությունների ընթերցման իդեալական համակարգ

Yahoo! որոնողական համակարգը կթողարկի թարմացված բջջային ծրագրի իր տարբերակը, որը նախատեսված կլինի iOS օպերացիոն համակարգի համար, հաղորդում է TechCrunch-ը:

Բջջային ծրագիրը կստանա թարմացված ինտերֆեյս (միջերես), գեղեցիկ դիզայն և լուսանկարների որոնման պարզեցված համակարգ: Ծրագրում ներառված կլինի նաև Summly տեխնոլոգիան` նախատեսված նորությունների հակիրճ շարադրման համար: Այս գործառույթը, ըստ ամենայնի, կդառնա Yahoo!-ի թարմացված բջջային ծրագրի «հաղթաթուղթը»:

Հիշեցնենք, որ Yahoo!-ն բրիտանացի 17-ամյա դպրոցական Նիք Դ’Ալոզիոյից $30 մլն-ով գնել էր բջջային Summly ծրագիրը: Վերջինս սմարթֆոնների ու պլանշետների տերերին թույլ է տալիս գտնել, կարդալ և փոխանակել առցանց նորություններ և զանազան տեղեկատվություն: Ծրագիրն ամբողջությամբ ցույց չի տալիս նյութերի տեքստը, այլ արագ ծանոթանալու նպատակով կազմում է կարճ հաղորդագրություններ՝ ամենակարևոր տեղեկություններով:

Ծրագրի դիմաց Yahoo-ն Նիքին վճարել էր շուրջ $30 մլն, որի ինտեգրումը iOS օպերացիոն համակարգում Yahoo-ն վերածում է նորություններ կարդալու համակարգի, որը հնարավորություն է տալիս օգտատերերին խնայել իրենց ժամանակը:

TechCrunch-ը նշում է, որ բջջային ծրագիրը սովորել է հետևել գործնական նորություններին համապատասխան թեմաներով, որն ավելի մեծ գնահատականի կարժանանա ԶԼՄ-ների ընթերցողների մոտ:

Մեկնաբանել