Օսմաններն ու հանրապետականները

Ցեղասպանությունը սոսկ ազգի սպանությունը չէ, այլ մեթոդական սպանությունը: Այսինքն, դրա համար ունես ատելության «պատճառ», գաղափարախոսություն, պետական ապարատներում կառավարման խաղի կանոններ: Ցեղասպանության համար անհրաժեշտ է, որ ատես ոչ թե մարդուն, այլ կոնկրետ հավաքականությանը:

Շատ կարևոր է, որ ունենաս համընդհանուր ճանաչում գտած հոգևոր գաղափարախոսներ, ինչպիսիք գերմանացիները համարում էին փիլիսոփա Նիցշեին, կոմպոզիտոր Վագներին: Կարևոր է նաև, որ այդ ճանապարհին քեզ միանան ոչ պակաս հեղինակություններ: Ֆաշիստական Գերմանիայի դեպքում այդպիսի հեղինակություն էր նորվեգացի գրող Քնյութ Համսունը: Ես չգիտեմ, թե Օսմանյան կայսրության դեպքում ովքեր էին նրանք: Ես այս ամենը թվարկում եմ, որովհետև շուտով կտեսնենք, թե ինչ ընդհանուր բաներ ունեն Օսմանյան կայսրությունը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Շարունակենք: Ցեղասպանությունը «սիրում» է հավաքական խիղճ: Դա նրան անհրաժեշտ է միտքը, ոչնչացվողի զգոնությունը «քոքից» կտրելու համար: Օսմանյան կայսրությունում հավաքական խղճի ներկայացուցիչ էին Կոմիտասը, Օտյանը, Զոհրապը, Վարուժանը, Սիամանթոն և այլք: Ցեղասպանության «խելքը գնում է» սեփական ժողովրդի կառուցողական տրամադրվածության համար: Ցեղասպանությունը սիրում է մեկ միտք. դա թշնամուն ոչնչացնելու միտքն է՝ «չկա թշնամի, չկա վտանգ» բանաձևումով: Ցեղասպանությունը իր ծրագրերում արյուն չի տեսնում, այն ընդհանրապես մահվան մանրամասներից տեղյակ չէ, քանի որ տեսնում է միայն ոչնչացումը, իսկ ոչնչացումը և մահը նույն բանը չեն:

Ընդհանրապես մահը կոնկրետ հասկացություն է, ահա ինչու ավելի հեշտ է սպանել միլիոններին, քան՝ մեկ մարդու: Սա գաղափարախոսի տեսանկյունից: Ցեղասպանությունը չի բավարարվում իր հայրենիքով, նա ուզում է, որ այդ հայրենիքը տեսանելի լինի զոհերին: Այն հայրենասիրական ակտ է: Այսինքն, մի իրողություն, որը մատուցվում է «Հայրենիք» կոչվող «բլյուդա»-ով: Սակայն լինում են, չէ՞, մարդիկ, որոնց կարող է դուր չգալ այդ «ուտեստը»: Լինում են: Բազմաթիվ քրդեր և թուրքեր են փրկել ոչնչացման դատապարտված հայ երեխաներին:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում ժամանակակից Հայաստանում: Հասկանալու համար շատ կարևոր է հիշել վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղափարախոսական «հանճարեղ» ձևակերպումը արտագաղթողների մասին. «Մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»: Հանրապետականներին օսմաններից տարբերում է այն «ազնիվ» մղումը, որ առաջինները գոնե Հայրենիքի անունից չեն դա անում: Սակայն երկուսին էլ տեսանելի և ընկալելի է ընդհանուր թշնամին: Օսմանների դեպքում դրանք հայերն էին, հանրապետականների դեպքում՝ նույնպես: Երկրորդները ունեն բազմաթիվ աջակից գաղափարախոսներ՝ Իգիթյան, Դովլաթյան և այլն: Այստեղ էլ արտագաղթը կազմակերպելու համար աշխատում է մի ամբողջ պետական ապարատ՝ նախագահ, վարչապետ, նախարարներ, երիտհանրապետականներ և այլն: Առավել համոզիչ լինելու համար սրանք էլ ներկայացնում են պետական շինարարության ծրագրեր: Այստեղ էլ պետական ապարատում կան ազգային փոքրամասնություններ: Դա չի խանգարում, որ պետական ապարատը բոլոր ջանքերով լծվի Հայաստանը հայերից մաքրելու գործին:

Արևմտյան Հայաստանը օսմանցիների պայմանական «Ղարաբաղի հարցն» էր: Մեր դեպքում Ղարաբաղի հարցը նույնպես իշխանությանը մնալու լուրջ պատճառ է: Մեր դեպքում էլ Ղարաբաղը հայաթափվում է դեպի… Հայաստան: Այստեղից էլ՝ իրենց հայտնի բոլոր ուղղություններով: Ենթադրում եմ, որ օսմանցիներն ընդհանուր առմամբ ավելի անկեղծ էին աշխարհի հետ. նրանք ցեղասպանությունից հետո չէին թաքցնում, որ կայսրությունից պակասել են հայերը, մեզ մոտ ամեն ընտրության հայերի թիվը միայն ավելանում է: Եվ աշխարհը նույն անմիջականությամբ դա ընդունում է ի գիտություն:

Մեկնաբանել