Թուրքիայի մեջլիսի քրդական կուսակցությունն Անկարային կոչ է անում ներողություն խնդրել հայերից

Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել:

«Այսօր` ապրիլի 24-ին, 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի` Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: 98 տարի առաջ այս օրը` ապրիլի 24-ին, տեղահանությամբ սկսվեց մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանությունների մեկը` Հայոց ցեղասպանությունը»,- ասած է քրդական կուսակցության տարածած հայտարարությունում:

Քրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է արել հաշտվել սեփական պատմության հետ և ներողություն խնդրել հայ ժողովրդից:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը ներկայացված է 29 պատգամավորով: