Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական հավանություն է տվել միասեռ ամուսնություններին

Ֆրանսիայի խորհրդարանը ապրիլի 23-ի երեկոյան վերջնական հավանություն է տվել օրինագծին, որը միասեռ զույգերին թույլ է տալիս ամուսնանալ և երեխաներ որդեգրել։ Օրինագծի ընդունմանը նախորդել էին հանրային բուռն քննարկումներ և այս միջոցառումների կողմնակիցների ու հակառակորդների զանգվածային ցույցեր, գրում է BBC-ն։

Օրինագիծը խորհրդարանի երկու պալատների՝ Ազգային ժողովի և Սենատի հավանությունը նախապես արդեն ստացել էր։

Այսպիսով՝ Ֆրանսիան դառնում է աշխարհում 14-րդ երկիրը, որն օրինականացնում է միասեռ ամուսնությունները, և իներորդը՝ Եվրոպայում։ Ընդ որում՝ գեյ ամուսնություններն արդեն օրինականացված են ոչ միայն ավանդական ազատական Նիդեռլանդներում և Սկանդինավիայի երկրներում, այլև կաթոլիկ Իսպանիայում և Պորտուգալիայում։

Միասեռ ամուսնությունների օրինականացումն այժմ քննարկում է նաև բրիտանական խորհրդարանը։

Օլանդի սոցիալական բարեփոխումները

Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների հակառակորդները քանիցս ցույցի են դուրս եկել, որոշ ցույցեր դարձել են երկրում ամենազանգվածայինը վերջին տարիներին։ Ընդ որում՝ հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ միասեռ ամուսնություններին կողմ է ֆրանսիացիների մոտ 60%-ը, իսկ միասեռ զույգերի՝ երեխաներ որդեգրելու իրավունքին՝ ընտրողների 50%-ը։

Այն բանից հետո, ինչ խորհրդարանը վերջնականապես ընդունել է օրինագիծը, Փարիզի փողոցներ են դուրս եկել միասեռ ամուսնությունների հակառակորդները։ Տեղի են ունեցել ոստիկանության հետ բախումներ։ Բազմահազարանոց ցույցերը շարունակվել են մինչև ուշ գիշեր։ Որոշ դեպքերում ոստիկանությունը արդյունքաբեր գազ է կիրառել։

Իշխանություններն ակնկալում են նոր ակցիաներ՝ ինչպես ընդդեմ միասեռ ամուսնությունների օրինականացման, այնպես էլ՝ ի աջակցություն։

Ապրիլի 21-ին առնվազն 45 հազ․ մարդ դուրս էր եկել Փարիզի փողոցներ՝ պահանջելով չօրինականացնել միասեռ ամուսնությունները և միասեռ ընտանիքներին թույլ չտալ երեխա որդեգրել։ Ցույցը խաղաղ էր ավարտվել, թեև շատերը բախումների մտավախություն ունեին։

Զուգահեռաբար Փարիզում տեղի էր ունեցել երթ՝ ի աջակցություն սեռական փոքրամասնությունների իրավունքների, որը գլխավորել էր քաղաքապետ Բերտրան Դելանոեն՝ Ֆրանսիայում պետական բարձր պաշտոնում առաջին բացահայտ գեյերից մեկը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը միասեռ ամուսնությունների օրինականացումը համարում է իր սոցիալական բարեփոխումների ծրագրի կարևորագույն բաղկացուցիչը։

Ակնկալվում է, որ Օլանդը նոր օրենքը կստորագրի անմիջապես այն բանից հետո, երբ այն ստանա Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի հավանությունը։

Գեյ ամուսնությունների հակառակորդները հույս ունեն, որ Խորհուրդը կարող է արգելափակել այս օրենքը, սակայն վերլուծաբանները դա քիչ հավանական են համարում։

Վեճեր՝ հավասարության շուրջ

Ինչպես հաղորդում է Փարիզում BBC-ի թղթակիցը, միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը համարվում է առավել էական սոցիալական բարեփոխում Ֆրասնիայի պատմության ընթացքում՝ 1981թ․ մահապատիժը վերացնելու պահից ի վեր։

Նրա կողմնակիցներն ասում են, որ սա վճռորոշ քայլ է, որը հաստատում է Ֆրանսիայի՝ հավասարության սկզբունքներին հավատարիմ լինելը։

Նրանք նաև մատնանշում են, որ այս օրինագծի դեմ ուղղված արշավը հանգեցրել է գեյերի վրա հարձակումների թվի աճի։

Ապրիլի 22-ին Ազգային ժողովի խոսնակը վառոդով և միասեռ ամուսնությունների հարցով վերջնական քվեարկությունից հրաժարվելու պահանջով ծրար էր ստացել։

Միասեռ ամուսնությունների օրինականացման գաղափարը նախկինի պես առաջացնում է կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաև Ֆրանսիայում շատ մուսուլմանների խիստ դժգոհությունը։

Այս միջոցառումների հակառակորդները վստահեցնում են, որ միասեռ զույգերի կողմից երեխա որդեգրելու՝ նոր օրենքով նախատեսված հնարավորությունը երեխաներին կզրկի հայր և մայր ունենալու հիմնարար իրավունքից։

Մեկնաբանել