Հնդկաստանում կույրերի համար սմարթֆոն է ստեղծվել

Մոտ ապագայում կույրերը սմարթֆոնից ոչ միայն զանգեր կատարելու, այլև հաղորդագրություններ գրելու և կարդալու հնարավորություն կունենան: The Times of India-ն հաղորդում է, որ հնդկացի ծրագրային մշակման մասնագետները ստեղծել են յուրահատուկ սարքավորում, որը հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ Բրայլի այբուբենի օգնությամբ:

Հնդկական Sumit Dagar ընկերությունը սարքավորումը նախագծել է շուրջ երեք տարի: Դեռ ներկայացված է սմարթֆոնի միայն նախատիպը, իսկ արտադրության այն կհանձնվի հաջորդ տարի:

Հատկանշական է, որ նոր սմարթֆոնի օգնությամբ կույրերը տեքստեր կարդալու, հաղորդագրություններ ուղարկելու, էլեկտրոնային հասցե ստուգելու և համանման այլ հնարավորություններ կունենան: Ցանկության դեպքում հնարավորություն կլինի սմարթֆոնում առկա տեղեկությունները լսել ձայնային ռեժիմով: Փորձագետները դեռ չեն պարզաբանում, թե ինչ տեխնոլոգիա է կիրառված սարքավորման մեջ Բրայլի այբուբենի կիրառման ընթացքում: Սարքավորման անվանումը ևս դեռ չի հաղորդվում: