Ինչ է Ապրիլ 24-ը Թուրքիայի համար

Լուսանկարը` http://asbarez.com կայքից

Թուրքիայում տարեցտարի ավելի ստվար մասնակցություն է նկատվում ապրիլի 24-ի հիշատակման արարողություններին: Մի քանի օր է, ինչ համեմատաբար ժողովրդավարական ուղղվածության մամուլում տեղ է հատկացվում «Հայոց տեղահանում-ցեղասպանության» մասին պատմաբանների հետ հարցազրույցներին, հայ տատիկների «թուրք» թոռների հիշողություններին և տարբեր հեղինակավոր սյունակագրերի հոդվածներին, որտեղ նրանք ոչ միայն բացատրում են 1915-ին տեղի ունեցած դաժանություններն ու դրանց «գենոցիդ» անվանվելու հավանականությունը, այլև ժողովրդին կոչ են անում այսօրվա Թուրքիայի ժխտողական սխալ քաղաքականությանն ի պատասխան՝ մասնակցել ապրիլի 24-ին նախատեսվող հիշատակման ցույցերին:

Առաջին օրերից մասնակցելով Թուրքիայի տարբեր վայրերում տեղի ուենցած ցույցերին՝ կարող եմ ասել, որ հայերի ցավերը կիսելու համար ցույցերին մասնակցում էին տարբեր սոցիալական և տնտեսական խմբերի պատկանող թուրքեր, սակայն դրանց կողքին լինում էին մարդիկ, որոնք այս առիթն օգտագործում էին հակապետական կեցվածքից ելնելով, լոզունգներ էին բարձրացվում՝ պետությանը մեղադրելով կապիտալիստ, իսլամիստ և հակաքուրդ լինելու: Այս տարի կազմակերպիչները նախապես զգուշացրել են ցույցերի գաղափարախոսական կարևորությունը պահպանելու մասին: Սակայն չպետք է մոռանալ նաև հասարակության ազգայնական և էթնիկ ազերի շերտի գործունեությունը, որը բավական մեծ աջակցություն է ցուցաբերում պետական ժխտողական կեցվածքին, հակահայկական հավաքներ և ցույցեր իրականցնելով հաճախ նույն վայրերում:

Թուրքիայի հասարակության որոշակի շերտերի փոփոխությունն ամենևին չի ենթադրում պետական կառուցվածքի Հայաստանին, Սփյուռքին և փոքրամասնություններին ուղղված քաղաքականության փոփոխություն:

Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման և Անատոլիան քրիստոնյաներից մաքրագործելու քաղաքականությունը շարունակվեց Հանրապետական Թուրքիայում քեմալիստների ձեռքով: Թուրքական պետության ամրապնդումից հետո քեմալիստ միակուսակցական, իսկ հետո նաև բազմակուսակցական կառավարությունները սկսեցին ավելի «խելամտորեն» ճնշել և հոգեպես, տնտեսապես, նաև ֆիզիկապես ոչնչացնել հայերին: Հիմնական և առավել ակնառու հարվածները եղան 1942թ. ունեցվածքի հարկը և 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը: Մեր օրերում հակահայկական քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունեցավ, ու նույնիսկ ավելացան ատելության հողի վրա հայերի սպանությունները, որոնց հակահայկական ուղղվածությունը մինչ օրս շարունակվում է հերքվել պետության կողմից: Թուրքիայի հասարակական կյանքում հատկապես վերջին տարիներին դրսևորվող որոշակի առաջադիմությունն արտահայտվեց այդ դեպքերի մասին բարձրաձայնումներում: Հասարակական որոշ շերտերի պայքարն առավել սրվեց Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչիի սպանությունների և Սամաթիայի դեպքերի ժամանակ: Այս աննախադեպ պայքարն իսկ չկարողացավ ազդեցություն ունենալ պետական քաղաքականության վրա:

Ավելի երկերեսանի ու վտանգավոր

Կան տարբեր շրջանակներ, որոնք իբր փորձում են կիսել հայերի ցավերը՝ գնալով շատ վտանգավոր քայլերի: Նրանք ստեղծում են առասպել, որ 1915 թվականն ընդհանուր ցավերի և բախումների տարեթիվ է: Սա ավելի երկերեսանի ու վտանգավոր է, քան մնացածը: Այսօր թուրքերը ոչ փող, ոչ ժամանակ, ոչ էլ ջանք չեն խնայում արտասահմանյան մասնագետների հետ համագործակցելու և նրանց միջոցով հայերի կողմից իրակակացված «դաժանությունները» հրապարակելու համար: Թուրքական պետությունն իր ուժերից վեր ջանք է գործադրում ժխտողական ուղղվածությունը պետական պաշտոնական թեզերի վերածելու համար: Ցեղասպանության հերքումը Թուրքիայի սահմաններից դուրս է գալիս և փորձում է տեղ գտնել ամերիկյան և եվրոպական ոչ միայն հասարակական շրջանակներում, այլև գիտական և համալսարանական ոլորտներում: Հրապարակվում են գրքեր, տեսա և ձայնասկավառակներ, նկարահանվում են ֆիլմեր որոնք ուղղված են ոչ միայն ցեղասպանության ժխտմանը, այլև մեղադրում են հայերին Օսմանյան կայսրության անվստահելի քաղաքացիներ լինելու և թուրքերին թիկունքից հարվածելու մեջ: Սակայն գիտնականների հետ համագործակցելիս անգամ թուրքական պետությունը թույլ չի տալիս «գնված» պատմաբաններին մուտք ունենալ «յոթ կողպեքով փակված» ռազմական և ԱԳՆ արխիվներին:

Թուրքիան այդ գործողությունները ծավալում է Ադրբեջանի հետ միասնաբար, Ադրբեջանը դառնում է 1915թ. ցեղասպանության առաջին հերքողը, իսկ թուրքերը մեղադրում են հայերին և ցեղասպան ճանաչում Խոջալուի դեպքերի համար:

Թուրքիան, կարելի է ասել, այլևս չի թաքցնում հայերի հետ հարաբերություններում Ադրբեջանի թույլտվությունը ձեռք բերելու անհրաժեշտության պարագան: Թուրքիայի արտգործնախարարության շինծու փայլով հանդերձ, Դավութօղլուի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը և Թուրքիայի հայկական քաղաքականությունը գնալով ավելի է ադրբեջանական գերիշխանության տակ անցնում: Դրա արտահայտությունն են հայ-թուրքական արձանագրությունները սառեցնելու, Վան-Երևան թռիչքը վերջին պահին չեղյալ հայտարարելու և սահմանը փակ պահելու համար գործադրվող բոլոր քայլերը:

Ճշմարտության բացահայտման և ցավերի իրական բուժման համար հույսը մնում է Ցեղասպանությունը չժխտող և ամեն առիթով հիշող թուրքական հասարակական որոշ շրջանակներում: Ապրիլի 24-ին Թուրքիայում լրագրողներ, հետազոտողներ պատմաբաններ, ակտիվիստներ և հասարակ քաղաքացիներ հայերի ցավը մոռացության չենթարկելու նպատակով Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Բաթմանում, Բոդրումում, Դերսիմում և Դիարբեքիրում հավաքվում, հիշում և նույնիսկ կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այն մարդիկ, որ ապրիլի 24-ին մոմեր են վառում և արտասվում են հայ զոհերի համար, թուրքական ազգայնական շրջանակներում զայրույթ են առաջացնում, սակայն գաղտնիք չէ, որ այսքան տարի հետո միայն նրանք են կարողանում մի փոքր տաքացնել հայերի սրտերը:

Մեկնաբանել