Ավստրալիան միջազգային պահուստներում անցնում է յուանի

Ավստրալիայի կետրոնական բանկը հայտարարել է իր միջազգային պահուստների 5%-ը Չինաստանի պետպարտատոմսերում ներդնելու մտադրության մասին, հաղորդում է բրիտանական Financial Times-ը: Բանկի փոխնախագահ Ֆիլիպ Լոուի խոսքով՝ որոշումը վկայում է երկու երկրների սերտ տնտեսական համագործակցության մասին:

Ներկայում Ավստրալիայի արժութային պահուստների ընդհանուր ծավալը $39 մլրդ է, և դրա 5%-ը կազմում է $2 մլրդ՝ 13 մլն յուան:

Ավստրալիան երրորդ երկիրն է, որը Չինաստանի հետ անմիջական արժութային առևտրի է անցել՝ հետևելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի օրինակին: Ընդ որում՝ Ճապոնիան զարգացած երկրներից առաջինն է հայտարարել, որ յուանը պահուստային արժույթ է դարձրել: Միջազգային պահուստների մեծ մասը ներկայում տեղաբաշխված է դոլարով և եվրոյով, և դրանց միայն աննշան մասն է բաժին ընկնում շվեյցարական ֆրանկին, ճապոնական յենին, բրիտանական ֆունտին և այլ արժույթներին:

Չինաստանը նախկինում զգալիորեն սահմանփակել է յուանով օտարերկրյա առևտուրը՝ նպատակ ունենալով խուսափել այն փոխակերպելի արժույթ դարձնելուց, քանի որ դա կբարձրացներ յուանի փոխարժեքը և Չինաստանի Ազգային բանկին կզրկեր յուանի նկատմամբ վերահսկողությունից: Վերջին ժամանակներում Պեկինը հրաժարվում է այդ ռազմավարությունից՝ ընդլայնելով այլ երկրների հետ արժույթի փոխանակումը:

Մասնավորապես՝ Չինաստանը բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաները բացել է օտարերկրյա ներդրողների համար, որոնք կարող են օգտագործել յուան: Նախկինում օտարերկրացիների համար ապահհոված էր Չինաստանի միայն բաժնետոմսերի շուկան, ընդ որում՝ միայն դոլարով:

2012թ. Չինաստանի արտաքին առևտրում յուանով կատարավածի մասնաբաժինը 12% է: Deutsche Bank-ի կանխատեսման համաձայն՝ 2013թ. այս մասնաբաժինը կկազմի 15%:

Չինաստանը Ավստրալիայի գլխավոր գործընկերն է, և առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 121 մլրդ ավստարալական դոլար, որը համարժեք է ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ առևտրի ծավալին միասին վերցրած:

Մեկնաբանել