«Ալ Ջազիրայի» անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Ինչու՞ չի կարելի ճանաչել անցյալում կատարած հանցանքը, բացել սահմաններն ու առաջ շարժվել, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախաշեմին կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում նման հարցադրում է կատարում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Սալբի Ղազարյանը:

«Սա երկար շրջագայություն էր Սալբի Ղազարյանի համար՝ հայ մարդու, որը փնտրում է իր արմատները Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում: Սալբիի նախնիները տեղահանվել են Թուրքիայից 1915թ., երբ, հայերի պնդմամբ, Օսմանյան կայսրությունում սկսվել է Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում սպանվել է ավելի քան 1,5 մլն հայ: Թուրքիան հերքում է «ցեղասպանություն» եզրը և պնդում, որ զոհերի թիվը ուռճացված է»,- նշվում է Թուրքիայի Աղթամար կղզում «Ալ Ջազիրայի» թղթակից Հաշեմ Ահելբառայի նկարահանած տեսանյութում:

«Այս շրջագայություններից յուրաքանչյուրը հիշեցնում է ոչ թե կորցրածի, այլ այն մասին, թե ինչպես այդ կորցրածը կարող է հետ բերվել, վերագտնվել»,- նշում է Սալբի Ղազարյանը:

Տեսանյութի հեղինակը, իր հերթին, նկատում է, որ այս ուղևորությունն առանձնահատուկ է Սալբիի համար, որի հիշողության մեջ դեռ վառ են մնացել իր տատի պատմությունները հայերի սպանդի և տեղահանման մասին:

«Միջնադարում այս փոքր կղզում հայերը եկեղեցի են կառուցել: Հայերի տեղահանումից հետո եկեղեցին քանդվել է: 2007թ. Թուրքիան վերակառուցել է եկեղեցին և այն վերածել թանգարանի:

Բազմաթիվ հայերի համար այս եկեղեցին ոչ միայն հիշեցում է այն օրերի մասին, երբ նրանց նախնիներն ապրել են այստեղ, այլև խորհրդանիշ է պատմության ողբերգական մի դրվագի, որի պատճառով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները մինչև այսօր լարված են:

Զբոսաշրջիկների համար սա տեսարժան վայր է, բայց ոչ Սալբիի համար: Նրա համար սա վայր է, որը վատ հիշողություններ է արթնացնում:

Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի բարդ են, և խոսքը պարզապես սահմանների բացման մասին չէ:

2009թ. երկու երկրները բավական մոտ էին դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն 1915թ. տեղի ունեցած զանգվածային ջարդերի հարցի շուրջ տասնամյակներ տևած բանավեճը գործընթացի գլխավոր խոչընդոտն է»,- նշում է տեսանյութի հեղինակը:

«Բանն այն է, որ Աղթամարում հայկական որևէ բառ չեք գտնի: Կարևոր է, որ այստեղ զբոսանքի եկած երիտասարդներն իմանան, որ հայը փակ սահմանի հետևում ապրող մեկը չէ. նա ապրել է այստեղ և կառուցել այս հրաշքը»,- ամփոփում է Սալբի Ղազարյանը:

Մեկնաբանել