Բանգլադեշում շենքի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ

Բանգլադեշում՝ մայրաքաղաք Դաքայի արվարձանում, 8-հարկանի շինության փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, նվազագույնը 200 մարդ ստացել է վնասվածքներ, հաղորդում է BBC-ն։

Փրկարարները մտավախություն ունեն, որ շենքի փլատակների տակ կան դեռ հարյուրավոր մարդիկ։

Արտակարգ իրավիճակների նախարարության խմբերը, որոնց օգնում են նաև Բանգլադեշի բանակի զինվորները, փորձում են գտնել փլատակների տակ ողջ մնացած մարդկանց։

Դեպքի վայրում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, որոնք փնտրում են իրենց հարազատներին ու մերձավորներին։

Շինությունում եղել է կարի արտադրամաս, բանկ և մի քանի խանութ։

Բանգլադեշի իշխանությունները փլուզման պատճառները դեռ չեն հայտնում։ Ինչպես տեղեկացրել է տեղի ոստիկանությունը, շենքի պատերին ճեղքեր են հայտնվել դեռ ապրիլի 23-ին, որից հետո կարի արտադրամասն ու բանկի մասնաճյուղը փակվել են։ Սակայն ապրիլի 24-ին որոշ աշխատակիցներ, այնուամենայնիվ, աշխատանքի են գնացել։

Համաձայն որոշ տեղեկությունների՝ շինության միայն առաջին հարկն է մնացել անվնաս։

Շենքեր կառուցելիս էժան, ոչ ամուր նյութերի օգտագործման և անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով Բագլադեշում շինությունների փլուզումները բավական հաճախ են տեղի ունենում։