Վրաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից

Վրաստանը Աֆղանստանից բեռների տեղափոխման համար Հյուսիսատլանտայան դաշինքին առաջարկել է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) արտգործնախարարների Բրույսելում տեղի ունեցած հանդիպմանը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

«Վրաստանը Աֆղանստանում խաղաղության ապահովման գործում կշարունակի ներդրում ունենալ նաև 2014-ից հետո: Ես ՆԱՏՕ-ին առաջարկել եմ օգտվել այդ երկաթգծից՝ նկատի ունենալով կառավարության նախաձեռնությունը»,-ասել է Փանջիկիձեն:

Ըստ Փանջիկիձեի՝ այս նախաձեռնության մասին առաջին անգամ բարձրաձայնել է վարչապետ Բիձինա Իվանիշվիիլին դեռ 2012թ.նոյեմբերին:

Ըստ Փանջիկիձեի՝ երկաթագիծը երեք երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ նախագիծ է և այն ՆԱՏՕ-ի համար կարող է հետաքրքիր լինել բեռների տեղափոխման համար:

Փանջիկիձեն լիահույս է, որ առաջարկը կընդունվի ՆԱՏՕ-ի կողմից: