66-րդ Կաննը կունենա «պայծառ» ժյուրի

Կաննի 66-րդ կինոփառատոնը հրապարակել է իր գլխավոր մրցույթի ժյուրիի կազմը. այն կարելի է բնութագրել որպես պայծառ:

Հայտնի է, որ ֆորումի դատավորների թիմը գլխավորելու է Սթիվեն Սփիլբերգը՝ զանգվածային, դիտարժան և «հատուկ էֆեկտներով» կինեմատոգրաֆի վարպետը: Նրան դիմակայելու են արտհաուսի այնպիսի գիտակներ, ինչպիսիք են ռումինական և ճապոնական ռեժիսորներ Քրիստիան Մունջուն և Նաոմի Կավասեն, որոնք ստեղծագործում են խաղային և վավերագրական կինոյի սահմանագծին: Նրանց միջև է գտնվում Էնգ Լին, որի «ոչ բոլորի համար կինոն» զարմանալիորեն գրավում է բացարձակ մեծամասնությանը՝ մի մասին գրավում, մյուս մասին՝ զայրացնում:

Դատելով ժյուրիի կազմից՝ փառատոնի տնօրինությունը շատ լուրջ է վերաբերվել անցյալ տարի ֆեմինիստուհիների հնչեցրած բողոքներին առ այն, որ ժյուրիի կազմում կին ռեժիսորներ չկային: Համենայնդեպս՝ դատավորական կազմը հավաքագրված է «հիսուն-հիսուն» սկզբունքով. Նաոմի Կավասեից բացի՝ այն կզարդարի նաև շոտլանդուհի Լին Ռեմսին, ավստրալուհի Նիկոլ Քիդմանը և հնդիկ Վիդյա Բալանը: Ուժեղ սեռը կներկայացնեն դերասաններ Քրիստոֆեր Վալցը և Դանիել Օտոյը: Ժյուրիի բոլոր անդամներն այսպես թե այնպես կապված են Կաննի կինոփառատոնի հետ՝ կամ դափնեկիր են եղել, կամ ներկայացրել իրենց աշխատանքները մրցույթներում:

66-րդ Կաննի հատուկ իրադարձություններից է լինելու բոլոր ժամանակների և ժողովուրդների ցանկում առաջին տեղը զբաղեցրած՝ Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» ֆիլմի վերանորոգված տարբերակի պրեմիերայի ցուցադրումը: Հանրահայտ թրիլերը կներկայացնի ֆիլմի աստղ, լեգենդար Կիմ Նովակը, որը կստանա մրցանակ կինոարվեստում ներդրման համար: Դերասանուհին վաղուց չի մասնակցել փառատոնների և կարելի է ասել՝ խզել է կապերը կինոյի հետ՝ նվիրվելով գեղանկարչությանը:

Կաննի 66-րդ կինոփառատոնը կկայանա 2013թ. մայիսի 15-26-ը: Հիմնական մրցույթում ընդգրկվել է 19 ժապավեն, որոնց շարքում՝ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Միայն Աստված կների», Ռոման Պոլանսկու «Մորթիներով Վեներան», Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա», Սթիվեն Սոդերբերգի «Ձեղնաջահերի հետևում», Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն», Ալեքս վան Վարմերդամի «Բորգման», Ֆրանսուա Օզոնի «Երիտասարդ և գեղեցիկ» և այլ ֆիլմերը:

Փառատոնը կբացվի Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմով, գլխավոր դերում՝ Լեոնարդո դի Կապրիո: Միջոցառումը կփակվի Ժերոմ Սալի «Զուլու» ֆիլմով՝ Օռլանդո Բլումի և Ֆորեսթ Ուիթակերի հետ գլխավոր դերերում: Միջոցառումը կվարի ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն: