Մարգարիտա Սիմոնյանն ու Թինա Կանդելակին` Հայոց ցեղասպանության մասին

Ռուսական Russia Today անգլալեզու հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հաղորդավարուհի Թինա Կանդելակին գրառումներ են կատարել Twitter-ի իրենց միկրոբլոգներում՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք ընտանիքով, ինչպես միլիոնավոր այլ մարդիկ, բաժակ կբարձրացնենք մեր նախնիների հիշատակի համար, որոնք տանջանքների են ենթարկվել 1915թ.»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ նշելով, որ մանկության տարիներին ինքը հաճախ է այցելել Ցեղասպանությունը վերապրած իր նախատատին:

Սիմոնյանի խոսքով՝ իր նախատատի եղբայրներին, քույրերին և ծնողներին մեկ գիշերվա ընթացքում մորթել են նրա աչքի առաջ:

«Իմ նախատատին և նրա կրտսեր քրոջը ձեռք չէին տվել, քանի որ գեղեցիկ աղջիկներին թուրքերը տանում էին իրենց տուն, սակայն մայիսի 16-ին իմ նախատատը փախել էր»,- գրել է Սիմոնյանը՝ հավելելով, որ իր նախատատը փախել էր Ղրիմ, և այդպես է իրենց ընտանիքը հայտնվել Ռուսաստանում:

Սիմոնյանը գրել է, որ նախատատի քրոջ՝ Ալիսայի մասին իրենք տեղեկություն չունեն, իսկ ավագ քույրը, որն ամուսնացած էր, խուսափելով բռնաբարությունից՝ ցած է նետվել Տրապիզոնի ժայռից և խեղդվել ծովում:

«Իմ ընտանիքը Ցեղասպանությունը վերապրել է, և այլ ապացույցի կարիք ես չունեմ»,- գրել է Սիմոնյանը:

Իսկ հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր միկրոբլոգում գրել է, որ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի ոգեկոչման օրն է:

«Այս օրը Թուրքիան սկսել է հայերի մասսայական ոչնչացումը: Հավերժ հիշատակ»,- գրել է Կանդելակին:

Մեկնաբանել