Իտալիայի կառավարությունը կփորձի ձևավորել ձախակենտրոն Էնրիկո Լետան

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցության ղեկավարներից մեկի՝ Էնրիկո Լետայի թեկնածությունը և նրան հանձնարարել է կոալիցիոն կառավարություն ձևավորել, հաղորդում է BBC-ն։

Ակնկալվում է, որ նոր վարչապետի նշանակումը կարող է վերջ դնել քաղաքական ճգնաժամին, որը սկսվել է այս տարվա փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։

Ինչպես նշում է Euronews-ը, Լետան լավ կապեր ունի նաև աջակենտրոնների հետ․ նրա հորեղբայրը՝ Ջանի Լետան, երկար տարիներ եղել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աշխատակազմի ղեկավարը։

«Ես ընդունել եմ այս պատասխանատվությունը բոլոր սահմանափակումներով հանդերձ, որ այն դնում է քաղաքական գործչի վրա։ Մենք բոլորս գիտենք իրավիճակը և հասկանում ենք, որ այն չի կարող անփոփոխ մնալ։ Իտալիան պետք է գտնի ճգնաժամի դեմ պայքարի այլ մեթոդներ, քան պարզապես խնայողության քաղաքականությունն է»,- ասել է Էնրիկո Լետան։

Ջորջո Նապոլիտանոյի խոսքով՝ նախքան Էնրիկո Լետային կառավարություն ձևավորել հանձնարարելը ինքը խորհրդակցություններ է իրականացրել խորհրդարանական բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ։ Վերջիններս նախագահին խոստացել են աջակցել վարչապետի թեկնածության վերաբերյալ որոշմանը։ Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Նապոլիտանոն (որը նախագահական ընտրությունների հինգ անարդյունք փուլից հետո ապրիլի 20-ին վերընտրվեց նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի համար) ճիշտ է՝ ստիպված է եղել վերջնագիր ներկայացնել․ նա խոստացել է, որ հրաժարական կտա, եթե աջերն ու ձախերը կրկին նախընտրեն կառավարության ձևավորման գործընթացը «խորտակել» անվերջանալի բանավեճերում։

Վերլուծաբանները կարծում են, որ «Լետայի մոտ ամեն ինչ կստացվի»։