Ջարդի ձորում

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից 3 կմ հեռու Հերհերի ձորն է, որտեղ 1920 թվականին տեղի է ունեցել հայերի զանգվածային կոտորած քեմալական թուրքերի կողմից: Այդ ձորը շատերին հայտնի է «Ջարդի ձոր» անվանումով: Սա ներկայիս ՀՀ տարածքում միակ տեղն է, որտեղ թուրքերի կողմից իրականացվել են հայերի զանգվածային ջարդեր: Մինչև հիմա այդտեղ հողը փորելիս կարելի է հանդիպել մարդկային ոսկորների և կմախքների: Հերհերի ձորը յուրօրինակ հուշարձան է, որը կենդանի վկայությամբ խորհրդանշում է 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության փաստը:

Կարել է ենթադրել, որ մենք՝ հայերս, Հերհերի ձորի նկատմամբ նույն վերաբերմունքը պետք է ունենայինք, ինչ՝ Ծիծեռնակաբերդի: Ցավոք իրականությունը լրիվ այլ է: Մենք իհարկե յուրահատուկ վերբերմունք տածում ենք այդ վայրի նկատմամբ, սակայն այդ վերաբերմունքը որևէ կերպ չի տեղավորվում 1,5 միլիոն ցեղասպանված հայերի հիշատակը հարգելու տրամաբանության մեջ:

«Ջարդի ձորը» ամառվա օրերին մեր շատ հայրենակիցների համար քեֆ-ուրախություն կազմակերպելու հանգստատեղի է: Այնպես չէ, որ քեֆ-ուրախություն կազմակերպողները տեղյակ չեն, որ այդ վայրը փաստացի եղբայրական գերեզմանոց է: Իհարկե, ալկոհոլի ազդեցությամբ նրանք չեն մոռանում թուրքերին հայհոյել ու մի թաս «օղորմի» խմել Եղեռնի զոհերի հիշատակին: «Հայրենասիրության» նման պոռթկումը շատ կարճ է տևում, և նրանք շարունակում են իրենց քեֆ-ուրախությունը հայրենակիցների ոսկորների վրա: Որպես կանոն՝ այդպիսի բացօթյա «քեֆերից» հետո «Ջարդի ձորը» վերածվում է մեծ աղբանոցի: Այդ հանգամանքին տեղական իշխանությունները բավական հանգիստ են վերաբերվում՝ որևէ քայլ չի արվում «Ջարդի ձորում» քեֆ-ուրախությունները արգելելու ու տեղանքը աղբից մաքրելու ուղղությամբ: Հայոց ցեղասպանության կենդանի հուշարձան-տարածքը մաքրվում է միայն ապրիլի 24-ի նախաշեմին, երբ բարձրաստիճան այրերը այցելում են հարգանքի տուրք մատուցելու:

Իրականում այդպիսին է Ցեղասպանության նկատմամբ շատ ու շատ հայերի իրական վերաբերմունքը: Հայրենասիրության մակարդակի մասին պատկերացում կազմելու համար եկեք չափանիշ չդարձնենք տարին մեկ անգամ Օպերայի հայաթում թուրքական դրոշ վառելը կամ Կարսն ու Արդահանը հետ վերցնելու «ահասարսուռ» կոչերը: Հաշվի առեք, որ ապրիլի 24-ից բացի մյուս բոլոր օրերը ցեղասպանվածների ոսկորների վրա «խորոված» ուտուղ, քեֆ-ուրախություն կազմակերպող ու օղու բաժակի պարունակությունը դատարկելու միջոցով թուրքերից վրեժ լուծող ազգ ենք նաև:

Ի դեպ, ուշագրավ է, որ քեմալական թուրքերի կողմից հայերի այս կոտորածի մասին լռում է անգամ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման շրջանում բրիտանական հեղինակավոր Economist հանդեսին նա ասում էր, որ Քեմալ Աթաթուրքը փրկել է հայերին: Դեմոյանը նույնիսկ խոստանում էր, որ այդ փաստերը դնելու է թանգարանի կայքում:

Մեկնաբանել