Գլխավոր Լրահոս

Ջարդի ձորում

Ջարդի ձորում
Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից 3 կմ հեռու Հերհերի ձորն է, որտեղ 1920 թվականին տեղի է ունեցել հայերի զանգվածային կոտորած քեմալական թուրքերի կողմից: Այդ ձորը շատերին հայտնի է «Ջարդի ձոր» անվանումով: Սա ներկայիս ՀՀ տարածքում միակ տեղն է, որտեղ թուրքերի կողմից իրականացվել են հայերի զանգվածային ջարդեր: Մինչև հիմա այդտեղ հողը փորելիս կարելի է հանդիպել  մարդկային ոսկորների և կմախքների: Հերհերի ձորը յուրօրինակ հուշարձան է, որը կենդանի վկայությամբ խորհրդանշում է 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Կարել է ենթադրել, որ մենք՝ հայերս, Հերհերի ձորի նկատմամբ նույն վերաբերմունքը պետք է ունենայինք, ինչ՝ Ծիծեռնակաբերդի: Ցավոք իրականությունը լրիվ այլ է: Մենք իհարկե յուրահատուկ վերբերմունք տածում ենք այդ վայրի նկատմամբ, սակայն այդ վերաբերմունքը որևէ կերպ չի տեղավորվում 1,5 միլիոն ցեղասպանված հայերի հիշատակը հարգելու տրամաբանության մեջ: «Ջարդի ձորը» ամառվա օրերին մեր շատ հայրենակիցների համար քեֆ-ուրախություն կազմակերպելու հանգստատեղի է: Այնպես չէ, որ քեֆ-ուրախություն կազմակերպողները տեղյակ չեն, որ այդ վայրը փաստացի եղբայրական գերեզմանոց է: Իհարկե, ալկոհոլի ազդեցությամբ  նրանք չեն մոռանում թուրքերին հայհոյել ու մի թաս «օղորմի» խմել Եղեռնի զոհերի հիշատակին: «Հայրենասիրության» նման պոռթկումը շատ կարճ է տևում, և նրանք շարունակում են իրենց քեֆ-ուրախությունը հայրենակիցների ոսկորների վրա: Որպես կանոն՝ այդպիսի բացօթյա «քեֆերից» հետո «Ջարդի ձորը» վերածվում է մեծ աղբանոցի: Այդ հանգամանքին տեղական իշխանությունները բավական հանգիստ են վերաբերվում՝ որևէ քայլ չի արվում «Ջարդի ձորում» քեֆ-ուրախությունները արգելելու ու տեղանքը աղբից մաքրելու ուղղությամբ: Հայոց ցեղասպանության կենդանի հուշարձան-տարածքը մաքրվում է միայն ապրիլի 24-ի նախաշեմին, երբ բարձրաստիճան այրերը այցելում են հարգանքի տուրք մատուցելու: Իրականում այդպիսին է Ցեղասպանության նկատմամբ շատ ու շատ հայերի իրական վերաբերմունքը: Հայրենասիրության մակարդակի մասին պատկերացում կազմելու համար եկեք չափանիշ չդարձնենք տարին մեկ անգամ Օպերայի հայաթում թուրքական դրոշ վառելը կամ Կարսն ու Արդահանը հետ վերցնելու «ահասարսուռ» կոչերը: Հաշվի առեք, որ ապրիլի 24-ից բացի մյուս բոլոր օրերը ցեղասպանվածների ոսկորների վրա «խորոված» ուտուղ, քեֆ-ուրախություն կազմակերպող ու  օղու բաժակի պարունակությունը դատարկելու միջոցով թուրքերից վրեժ լուծող ազգ ենք նաև: Ի դեպ, ուշագրավ է, որ քեմալական թուրքերի կողմից հայերի այս կոտորածի մասին լռում է անգամ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման շրջանում բրիտանական հեղինակավոր Economist հանդեսին նա ասում էր, որ Քեմալ Աթաթուրքը փրկել է հայերին: Դեմոյանը նույնիսկ խոստանում էր, որ այդ փաստերը դնելու է թանգարանի կայքում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում