Ուկրաինայի նախագահը՝ հաջող գրո՞ղ

Ըստ ամենայնի՝ Ուկրաինայում պետության գլուխ բավական հաջող գրող է կանգնած։ Ամեն դեպքում, այսպիսի եզրահանգում կարելի է անել 2012թ․ եկամուտների հայտարարգրումից հետո, որը Ուկրանիայի նախագահը հանրությանն է ներկայացրել վերջերս։ Բացի մոտ $100 հազ-ի չափով աշխատավարձից և $500 հազ-ի ունեցվածքի եկամուտներից՝ Յանուկովիչը նշել է նաև հեղինակային հոնորարներ՝ մոտ $2 մլն-ի չափով՝ գրքերի հրատարակման համար։ Kyiv Post-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահի անցյալ տարվա եկամուտը գրեթե չորս անգամ գերազանցում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օմաբայի ընտանիքի եկամուտները, գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung գերմանալեզու պարբերականը։

Հոնորարները վճարել է «Նոր աշխարհ» հրատարակչությունը, որը գտնվում է Յանուկովիչի հայրենիքում՝ Դոնեցկում։ Գումարը ներառում է ոչ միայն այնպիսի բեսթսելլերների հոնորարներ, ինչպիսին են «Մեկ տարի՝ ընդդիմությունում»-ը կամ «Մեկ տարի՝ իշխանության»-ը, այլև հոնորարներ բոլոր գրքերի համար, որոնք Յանուկովիչը գրելու է ապագայում։

«Շաբաթվա հայելի» ընդդիմադիր պարբերականը հաշվել է, որ Ուկրաինայի նախագահի գրքերի ընդհանուր տպաքանակը պետք է կազմի ավելի քան 6 մլն օրինակ, որպեսզի գործարքը պոտենցիալ շահութաբեր լինի հրատարակչության համար։ Սակայն Յանուկովիչի գրքերը խանութներում և գրադարաններում գործնականում չես գտնի։ Kharkiv Human Rights Protection Group իրավապաշտպան կազմակերպությունը մեջբերում է Հրատարակիչների ուկրաինական ասոցիացիայի նախագահի այն արտահայտությունը, որ իրեն հայտնի հրատարակչություններից որևէ մեկը չի կարող իրեն այդպիսի հոնորարներ թույլ տալ։