Բուլղարիայի տարբեր քաղաքներում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ են դրել Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ելույթով հանդես է եկել դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես, նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտել ժխտողականության քաղաքականությունը: Պսակադրման արարողությանը հաջորդել է հոգեհանգստյան Սուրբ պատարագ, որը մատուցվել է Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում: Միջոցառումենրը լուսաբանում էին Բուլղարական «Ալֆա» և «Սկատ» հեռուստաընկերությունները, որոնց հարցազրույց է տվել ՀՀ դեսպանը: 

Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները շարունակվում են Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում, Սլիվենում: