Ցեղասպանության ոգեկոչման արարողություններ, ճանաչման և դատապարտման կոչեր Ռումինիայում

Ապրիլյան այս օրերին Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցում են հարյուրավոր ռումինահայեր, ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ և ուսանողներ. հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այսօր Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է հիշատակի հոգեհանգիստ, որտեղ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կողքին ներկա են եղել ռումին ուղղափառ, կաթոլիկ, ղպտի ուղղափառ և կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ: Հոգեհանգստի ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվել են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Ընթերցվել է Ռումինիայում ՀՀ դեսպանի խոսքը:

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման մերժումն այսօր լուրջ սպառնալիք է Հայաստանի և հայ ժողովրդի համար, որովհետև ցեղասպանության կործանարար հետևանքները կրել և կրում են ոչ միայն վերապրածները և նրանց ժառանգները, այլև ողջ հայ ժողովուրդը և Հայաստանը»,- ասել է Հայաստանի դեսպանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառավարություններին և խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և շարունակում են պայքար մղել մարդատյացության և ռասիզմի ցանկացած դրսևորումների դեմ: «Միաժամանակ մենք ողջունում ենք միջազգային ընտանիքի այն քաղաքական և հասարակական շրջանակներին, պատմաբաններին, հետազոտողներին, գրողներին, լրագրողներին, արտիստներին, ովքեր գիտակից այս հարցի լրջությանը և կարևորությանը, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և արդարություն պահանջում: Ողջունում ենք հատկապես թուրք հասարակության մեջ օրեցօր ավելի բարձր հնչող կոչերին` շիտակորեն վերանայելու սեփական երկրի պատմությունը և շուռ տալու այդ սև էջը: Մենք գտնում ենք, որ դա է հաշտեցման միակ ճանապարհը, այլ ոչ թե ստի և կեղծիքի քաղաքականությունը, հակահայ քարոզչական բլոկների ստեղծումը, որի միակ հետևանքը կարող է լինել հայ և թուրք ժողովուրդների միջև անջրպետի խորացումը և մեր չափազանց զգայուն տարածաշրջանի ապագայի վտանգումը»,-իր խոսքը եզրափակել է դեսպան Գասպարյանը:

Արարողությունից հետո տեղի է ունեցել արտոնված երթ, որի ընթացքում ռումինահայերը Հայաստանի դրոշներով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվել են դեպի Բուխարեստի կենտրոն` Հեղափոխության հրապարակ, հավաքվածներին և անցորդներին բաժանելով ցեղասպանության մասին պատմող նյութեր: Ներկաներին իրենց խոսքն ուղղել են Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիկոպոս Հակոբյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և Սուչավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Պոպովիչը:

Բուխարեստյան միջոցառումները եզրափակել է Հայոց Միության մշակույթի կենտրոնում կազմակերպված հիշատակի երեկոն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Փամբուկչյանի հայտարարությանը հետևել էր նիստը վարող Պատգամավորների պալատի փոխնախագահ Էդուարդ Հելվիգի դրական արձագանքը:

Ապրիլի 24-ին ռումինական TVR1 հանրային հեռուստաալիքը հեռարձակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն թողարկում Արարատ հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանի և Կարապետ Խաչատուրյանի մասնակցությամբ` ուղեկցված փաստավավերագրական նյութերի ներկայացմամբ:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի են ունեցել հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Բոտոշան, Բակաու, Յաշ, Կլուժ, Գեռլա և Դումբրավեն քաղաքներում:

Կոնստանցայում կազմակերպված հոգեհանգստի արարողությանը հայ համայնքի կողքին ներկա են եղել նաև լեհական և գերմանական համայնքային կառույցների ներկայացուցիչները, Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միություն կուսակցության տեղի մասնճյուղի ղեկավարները: Հաջորդած հիշատակի երեկոյին, որին ելույթ են ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, տեղի է ունեցել ռումինահայ գրող Վարդան Առաքելյանի «Պատմությունը և իր ուրվականները. Հայկական հարցը ռումինական դիվանագիտական արխիվներում» գրքի շնորհանդեսը և «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի ցուցադրությունը:

Բակաու քաղաքում ապրիլի 22-28-ը ընթացող «Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի» շրջանակներում կազմակերպվել են գրքերի, հանդեսների և լուսանկարների ցուցադրություն, «Հայոց ցեղասպանություն. դարպասներ դեպի անհայտություն» խորագրով գրաֆիկական և այլ աշխատանքների մրցույթ-ցուցահանդես:

Կլուժ քաղաքում անցկացված հիշատակի երեկոյին ելույթ է ունեցել Կլուժի ազգագրական թանգարանի տնօրեն Թեոդոր Սալաջեանը: Երեկոն շարունակվել է Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված դասական համերգով: