Հիշատակի արարողություն և պատարագ Մոսկվայում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպված Մոսկվայում. հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այսօր Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու տարածքում տեղի է ունեցել 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն անմեղ հայերի հիշատակման արարողությունը:

Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողի մոտ, այնուհետև եկեղեցու մատուռում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի կողմից մատուցվել է հոգեհանգստի պատարագ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արայիկ Բադալյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կառույցների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մոսկվաբնակ ազգությամբ հայ մշակույթի և գիտության գործիչներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ: