Իրաքում ուժայինների հետ բախումներում երկու օրում ավելի քան 100 մարդ է զոհվել

Ավելի քան 100 մարդ զոհվել է և նվազագույնը 187-ը վնասվածքներ է ստացել վերջին երկու օրերին Իրաքում ցուցարարների՝ ոստիկանության ուժերի հետ բախումների ընթացքում, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր 54 զոհի մասին։

Անկարգությունների պատճառ է դարձել մոտ 30 մարդու մահը ապրիլի 23-ի առավոտյան Էլ Հուվեյջա բնակավայրում ցույցի ցրման ընթացքում։ Ոստիկանությունը ներխուժել է Իրաքի վարչապետի քաղաքականության դեմ հանդես եկող սուննի ցուցարարների ճամբար և փորձել է ցրել նրանց։ Ականատեսների խոսքով՝ երկու կողմից կրակոցներ են հնչել։ Ավելի ուշ Իրաքի իշխանությունները հայտարարել են հուզումների պատճառով Թիկրիտ և Սամարրա քաղաքներում պարետային ժամ սահմանելու մասին։

Վերջին շրջանում Իրաքում նկատվում է լարվածության աճ՝ պայմանավորված սուննիների և շիաների միջև դիմակայությամբ։ Սադամ Հուսեյնի կառավարման օրոք սուննիները գերիշխող դիրք էին զբաղեցնում Իրաքի պետական կառույցներում, սակայն ԱՄՆ-ի զինված ներխուժումից և Հուսեյնի տապալումից հետո սուննիներին «նեղեցին» շիաները։ Նրանք զբաղեցրին պետական մի շարք կարևոր պաշտոններ։

Մեկնաբանել