Հայոց Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն Հալեպում

Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում այսօր մատուցվել է սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին. հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կեսօրին Հայ Կաթողիկե առաջնորդարանի Աղաջանյան սրահում Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքապետերի ներկայությամբ ու հայկական մշակութային միությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։

Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը։ Վերջինս խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերի մասին։

Ինչպես Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն է հաղորդել մի շարք լրատվամիջոցների՝  Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում մի խումբ երիտասարդներ այրել են Թուրքիայի դրոշը՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: