Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն ԵԽԽՎ-ում

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածվել. տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից: Հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ-ի՝ ոչ միայն Հայաստանի, այլև Սերբիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի 21 ներկայացուցիչ: Հայտարարության տեքստում նշված է.

«Ցեղասպանությունների ճանաչումը քայլ է, որն առաջնորդում է մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելուն:

Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը փաստագրված և հաստատված է մամուլի ու ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով, հայտարարություններով` Միացյալ Ազգերի կազմակերպության, Եվրախորհրդարանի, ԵԽ անդամ պետությունների խորհրդարանների` այդ թվում Շվեդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Սլովակիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Բելգիայի, Կիպրոսի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ 43 նահանգների, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի և Լիբանանի կողից:

Վեհաժողովի՝ ներքոստորագրյալ անդամներս կոչ ենք անում ԵԽԽՎ-ի անդամ բոլոր պետություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, որ հետագայում կհանգեցնեն Թուրքիայի իշխանությունների կողմից մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության ճանաչմանը, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը` նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»: